29/03/2017 22:15
Սերժ Սարգսյանը լրջորեն կկերպարանափոխի Ազգային անվտանգության խորհուրդը. Քաղաքագետ
«Ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը խորհրդարանական կառավարմանն անցման փուլում լրջորեն կկերպարանափոխի Ազգային անվտանգության խորհուրդը», - այսօր անվտանգության և արտաքին քաղաքականության թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը։
Նրա խոսքով` նորմալ պետություններում ԱԱԽ-ն ունի քարտուղարություն, որտեղ մասնագետներ են, փակ է գործունեությունը, կա տեղակալների կոմիտե, որոնք «ընդհանուր ռազմավարական քննարկումներն իջեցնում են ավելի գործնական մակարդակի» և բացի այդ, գործում են միջգերատեսչական մասնագիտական խմբեր՝ մշտական և ժամանակավոր։
«Սերժ Ազատովիչը սա շատ լավ պատկերացնում է, ես ուզում եմ, որ դուք դրանում համոզված լինեք։ Մենք կանգնած ենք այդ մարմնի լուրջ տրանսֆորմացիայի առջև, և ինքը կղեկավարի դա», - ասաց Քոթանջյանը։
Aysor.am-ը փորձեց Քոթանջյանից հետաքրքրվել, թե ինչ նկատի ուներ՝ ղեկավարել ասելով, Քոթանջյանն ասաց. «Ղեկավարել, խոսքը չի գնում պաշտոն ունենալու մասին, ղեկավարել որպես նպատակները ճշգրտող, գերակայությունները կոռեկցիայի ենթարկող, քաղաքականության ուղղությունները վերագնահատելով»։