29/03/2017 13:13
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը խորհրդարանի ընտրություններին սատարելու է ներկա կառավարությանը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահությունը մարտի 28-ին կայացած նիստում, անդրադառնալով երկրի տնտեսությունում առկա իրավիճակին և հանրապետության ներկա կառավարության կողմից իրականացվող տնտեսական արմատական բարեփոխմանը միտված օրախնդիր ու հեռանկարային քայլերին, որոշում է ընդունել առաջիկա խորհրդարանական ընտրություններին սատարել ներկա կառավարությանն ու վարչապետին:
«Միությունը թեև իր 20-ամյա գործունեության ընթացքում մշտապես զերծ է մնացել երկրում տեղի ունեցած նախընտրական գործընթացներում հրապարակային դիրքորոշում արտահայտելուց, այդուհանդերձ, նկատի ունենալով գործող կառավարության՝ Հայաստանի տնտեսության առողջացմանը, առկա ներուժի նպատակային զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և սոցիալական կարևորագույն ծրագրերի իրականացմանը միտված քայլերը, անհրաժեշտ է համարում սատարել ներկա կառավարությանը և իշխանությունների որդեգրած արմատական բարեփոխումների քաղաքականությանը», - ասված է հայտարարությունում:
«Հավատում ենք, որ ներկա նախընտրական գործընթացում, զորակցելով ՀՀ կառավարությանն ու վարչապետին, նրան առաջադրած քաղաքական ուժին, առաջին հերթին սատարում ենք Հայաստանի տնտեսական վերելքի հեռանկարին և երկրի անվտանգությանը։ Միաժամանակ հայտնում ենք, որ պատրաստ ենք գործուն մասնակցություն ունենալ կառավարության ծրագրերի մշակմանն ու իրականացմանը՝ մեզ հասու բոլոր միջոցներով», - նշված է Հայաստանի արդյունաբերողների
և գործարարների միության հայտարարությունում:
Միությունը նաև կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կատարել այնպիսի գիտակցված ընտրություն, որով կապահովվի Հայաստանի անվտանգության ամրապնդման ու տնտեսական արմատական բարեփոխումների շարունակականությունը։