29/03/2017 20:29
Չինարենի բարդությունը տոնայնության մեջ է. Կազմվել է առաջին չինարեն բառարանը. Լուսանկարներ
«Բուկինիստ» գրախանութում այսօր տեղի ունեցավ Լիլիթ Հակոբյանի հեղինակած հայերեն-չինարեն առաջին բառարանի շնորհանդեսը:
«Չինարենը սկսել եմ ուսումնասիրել 2009 թվականին, երբ 2-րդ կուրսի ուսանող էի: Այդ ժամանակ էլ բացվեց Կոնֆուցիոսի ինստիտուտը, որտեղ էլ հետագայում սկսեցի աշխատել: Ամբողջ օրը շփվելով չինացիների հետ՝ սկսեցի ավելի սիրել լեզուն: Երբ սկսեցի դասավանդել ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ուսանողներին չինարենով դիվանագիտական պաշար էր պետք սովորեցնել: Բառերը դուրս գրելուց հասկացա, որ կարելի է նաև բառարան կազմել», - նշեց բառարանի հեղինակը:
Չնայած բառարանը պարունակում է հիմնականում դիվանագետների համար նախատեսված բառեր՝ հեղինակը նշեց, որ դրանից կարող է օգտվել յուրաքանչյուրն, ով ինչ-որ չափով գիտի չինարեն:
Aysor.am-ի թղթակիցը հեղինակից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է բարդ չինարենը.
«Ասում են՝ այդ լեզուն բարդ է, նաև՝ միգուցե անհնարին: Բարդությունը կայանում է տոնայնության մեջ, երբ սխալ ես արտասանում բառը, իմաստը փոխվում է: Պարզապես տոնայնությունն օգնում է բառերն իրարից տարբերել: Երբ սկսում ես մասնիկ առ մասնիկ ուսումնասիրել լեզուն, սկսում ես զգալ այն ու սովորել», - նշեց Լիլիթ Հակոբյան:
Հեղինակը հայտնեց, որ բառարանում ընդգրկված են ոչ միայն չինական հիերոգլիֆներ, այլև՝ լատինատառ արտասանության ձևերը «փինյինով», ինչը զգալիորեն հեշտացնում է բառարանից օգտվելու կարգը:
«Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանը, ով ներկա էր միջոցառմանը, նշեց, որ կապ չունի՝ քանի էջանոց է բառարանը, կամ շապիկն ինչպիսին է, կարևորն այն է, որ սա Հայաստանում տպագրված առաջին չինարենով բառարանն է:
Ներկաներին նաև սպասվում էր անակնկալ չինական թեյախմության տեսքով, որտեղ ներկայացվեց թեյ խմելու կարգը:
Քաղաքական տերմինների հայերեն-չինարեն և ռուսերեն-չինարեն բառարանի արժեքը 3000 դրամ է: