30/03/2017 14:14
Սյունիքում կստեղծվի ազատ տնտեսական գոտի. Կառավարությունը հաստատեց
Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց և հավանության արժանացավ Սյունիքում՝ Իրանի սահմանագծին, ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին որոշումը։
«Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու գործարկումը կնպաստի արդյունավետ տրանսպորտալոգիստիկ և արդյունաբերական հաբի ստեղծմանը, մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը, կխթանի արտասահմանյան կապիտալի ներհոսքը ՀՀ, կնպաստի ԻԻՀ հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, ՀՀ տնտեսական ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը», - որոշման նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Նրա խոսքով՝ ԱՏԳ ընդհանուր տարածքը կկազմի մոտ 32 հա։
«Ծրագրի իրականացումը ենթադրում է փուլային սկզբունք: Առաջին իսկ տարում նախատեսվում է շուրջ 3 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կազմակերպչի կողմից, որի արդյունքում կստեղծվեն նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքները և հնարավոր կլինի արդեն այս աշնանը մեկնարկել ԱՏԳ-ի գործունեությունը», - ասաց նա։
Սուրեն Կարայանը նշեց, որ Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտին ստեղծվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության բանաձևով։
«Պետության մասնակցությունը ծրագրի իրականացմանը լրացուցիչ ազդակ կհանդիսանա ԱՏԳ-ում գործունեություն իրականացնելու համար հետքրքրված ընկերությունների համար։ Սյունիքում ազատ տնտեսական գոտին կընդգրկի թույլատրված ոլորտների բավականին լայն շրջանակ։ Ազատ տնտեսական գոտու գործունեության ընթացքում ակնկալվում է ներգրավել մինչև 120 շահագործողի՝ հիմնականում օտարերկրյա, որոնց համախառն ներդրումները կկազմեն շուրջ 350-400 մլն ԱՄՆ դոլար և որոնք կարտահանեն միջին տարեկան շուրջ 100 մլն դոլարի արտադրանք և գործունեության տարիների ընթացքում կստեղծեն 2500-ից ավելի նոր աշխատատեղ», -նշեց նախարարը՝ ընդգծելով, որ շահագործողների ներգրավման համար թիրախային ուղղություններն են ԵԱՏՄ երկրները, Իրանը և Մերձավոր Արևելքը, ԵՄ երկրները: