30/03/2017 19:58
Ըստ Արամ Սարգսյանի՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն Զիտան ու Գիտան են, վերջում էլ պարզվելու է, որ հարազատ քույրեր են
«Այս ընտրարշավի ժամանակ ապացուցվեց, որ քաղաքական ուժերը մեկը մյուսին վերարտադրելով, այսքան տարիներ, 2000-ից սկսած նույն երգը երգելով, նույն ջեմն ու պահածոն բաժանելով, փորձել են սողոսկել մարդկանց տները` հիմնավորելով, որ իրենք ընդդիմադիր են, իսկ ընտրությունից հետո մտել են կոալիցիա», - «Ելք» դաշինքի երթ-հանրահավաքի ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահը, դաշինքի նախընտրական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Արամ Սարգսյանը:
Նա անդրադարձավ մամուլում շրջանառվող այն լուրերին, թե ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը համաձայնության են եկել ու քվոտավորել իրենց քվեները։
«Հետաքրքիրն այն է, որ ԲՀԿ-ն որևէ կերպ չի անդրադառնում դրան, չի ասում՝ այդպես է, թե ոչ: Դրան չի անդրադառնում նաև ՀՀԿ-ն: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարում է, որ իրենք մրցակից են իրար մեջ` ինչպես Հոլիվուդն ու Բոլիվուդը: Ախր, այ պարոն Աշոտյան ջան, Բրյուս Ուիլիսի սանրվածք ունենալը դեռ չի նշանակում Հոլիվուդից լինել: Դուք երկուսդ էլ Բոլիվուդից եք, դուք Զիտան և Գիտան եք ու պարզվելու է, որ հարազատ քույրեր եք, նույն հորից ու մորից», - ասաց Ա. Սարգսյանը։