30/03/2017 17:06
ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը խախտել է Ընտրական օրենսգրքի պահանջները. ԿԸՀ
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ծանոթացել է տեսանյութին, որտեղ առկա է Ընտրական օրենսգրքի պահանջների խախտում: Այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
«Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ: ԿԸՀ-ն խախտման մասին իրազեկել է համապատասխան կուսակցության լիազոր ներկայացուցչին և կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Գագիկ Մելիքյանին` պահանջելով դադարեցնել խախտումը և ձեռնպահ մնալ հետագայում օրենքի նման խախտումներ թույլ տալուց», - փոխանցեց ԿԸՀ ներկայացուցիչը:
Նշենք, որ «Ազատություն» ռ/կ-ն հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ Պառավաքարում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Մելիքյանը բնակիչներից մեկին խոստանում է տալ 154 հազար դրամ՝ առողջական խնդիրները լուծելու համար: