30/03/2017 14:17
Գևորգ Ղազարյանը 6 ամիս չի խաղա. նա վիրահատության է ենթարկվել
Մարտի 29-ին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը պետք է բուժզննում անցներ Գերմանիայի Մյունխեն քաղաքի մասնագիտացված կլինիկաներից մեկում: Այսօր առավոտյան ՀՖՖ պաշտոնական կայքը կապ է հաստատել Գևորգ Ղազարյանի հետ, ով ասել է, որ երեկ վիրահատության է ենթարկվել։
«Ինչպես և սպասվում էր, բուժզննումը ցույց տվեց, որ վիրահատության կարիք կա: Երեկ վիրահատվեցի: Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ անցավ: Բարեբախտաբար, մենիսկիս հետ ամեն ինչ նորմալ է, կողային կապանը ևս վիրահատության կարիք չուներ: Վիրահատել են միայն խաչաձև կապանս, որը վնասվել էր առջևից և ետևից: Նախնական տվյալներով վերականգնմանս համար կպահանջվի առնվազն 6 ամիս՝ կախված վերականգնման ընթացքից: Անկախ տեղի ունեցածից հավատում եմ, որ ամեն ինչ լավ կլինի, և, օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային իմ՝ Գերմանիա մեկնելու և վիրահատվելու գործընթացն արագ կազմակերպելու համար: Շնորհակալ եմ նաև իմ խաղընկերներին և հատկապես երկրպագուներին, որոնցից ստանում եմ քաջալերանքի բազմաթիվ խոսքեր և որոնց աջակցությունը զգացել եմ առաջին իսկ րոպեից մինչև հիմա», - ասել է Գևորգ Ղազարյանը։