30/03/2017 17:50
Զբաղվածության պետական ծրագրերի արդյունավետությունը կբարձրանա
Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ զբաղվածության պետական ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Նախատեսվում է քայլեր ձեռնարկել սահմանափակ ռեսուրսներով ավելի շատ շահառուների զբաղվածության ապահովման, ինչպես նաև զբաղվածության պետական ծրագրերի իրականացման բիզնես գործընթացները պարզեցնելու համար:
Արդյունքում ակնկալվում է զբաղվածության պետական ծրագրերի մոնիթորինգի և գնահատման, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայի արդյունքներով վեր հանված խնդիրների իրավական լուծումների ապահովում, ծրագրերի իրականացման մեխանիզմների հստակեցում, շահառուների առաջնահերթությունների պարզեցում, զբաղվածության պետական քաղաքականության իրականացման գործընթացում գործատուների մասնակցության շրջանակների ընդլայնում, ոչ նպատակային օգտագործված գումարների հետ վերադարձման մեխանիզմների ամբողջականացում:
Նախատեսվող գործառույթների պատվիրակումը մասնագիտացված կազմակերպությանն առավելագույնը կմեծացնի ծրագրի իրականացման արդյունավետությունը` գործառույթների ամբողջական և լիարժեք իրականացման տեսանկյունից: Առաջարկվող փոփոխությամբ հստակ կտարանջատվեն ծրագրի իրականացման կազմակերպական և մասնագիտական գործառույթները: Որոշմամբ հնարավորություն է տրվում անմրցունակ անձանց ընդգրկվել զբաղվածության պետական ծրագրերում մեկից ավելի անգամ` տվյալ ծրագրի ավարտից առնվազն երեք տարի հետո: