30/03/2017 14:53
3-րդ անգամ հարկային արտոնություն՝ «Նանման»-ին. Կարվի 20 միլիոն դրամի ներդրում, կստեղծվի 15 աշխատատեղ
«Նանման» ընկերությանը արդեն 3-րդ անգամ հարկային արտոնություններ են տրամադրվում:
Կառավարության այսօրվա նիստին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց, որ ընկերությունը շուրջ 20 միլիոն դրամի ներդրում է անելու, որի հիմնական մասն ուղղված է սարքերի գնմանը:
Նրա խոսքով՝ ներդրումների արդյունքում ևս 15 աշխատատեղ պետք է ստեղծվի։
«Կառավարության սահմանած կարգով ընտրված «Նանման» ՍՊ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի մարտի 31-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով», - նշեց նախարարը։
«Էն «Նանմանն» է, չէ՞: Ջինսերի արտադրություն…», - արձագանքեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Այո, արդեն 3-րդ անգամ ենք ներկայացնում նման հարց այս ընկերության վերաբերյալ և ընկերությունն անընդհատ ընդլայնում է արտադրությունը», - պատասխանեց Սուրեն Կարայանը։