30/03/2017 18:33
Կարեն Կարապետյանն այսօր ամենաազդեցիկ, ամենախոստումնալից, ամենաընդունելի քաղաքական գործիչն է. սոցհարցում
Ընդհանուր ընտրողների թվով առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցությունն, ըստ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնների հարցումների, կարող է հավաքել ընտրողների ձայների 45,5 տոկոսը, 35,5 տոկոսը՝ «Ծառուկյան» դաշինքը, մնացած ուժերը միասին կարող են հավաքել 19-20 տոկոս ձայները։
Լրատվամիջոցների հետ հանդիպմանն իրականացված հարցումների արդյունքները ներկայացրեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ ընդգծելով, որ այս ցուցանիշում արդեն հաշվի է առնված նաև կազմակերպչական ռեսուրսը և վարկանիշային թեկնածուների գործոնը։
Նրա խոսքով՝ Երևանում և մարզերում տարբեր են նախընտրելի ուժերն ու թեկնածուները։ Երևանում, օրինակ, Գագիկ Ծառուկյանի հետ մեծ հույսեր չեն կապում, քանի որ, ըստ Ադիբեկյանի, Երևանում խաղողագործությամբ չեն զբաղվում։
«Կարեն Կարապետյանն այսօր ամենազդեցիկ, ամենախոստումնալից, ամենաընդունելի քաղաքական գործիչն է, նրա ռեյտինգը հարցումների երեք ցուցանիշներով կազմում է մոտ 60 նիշ, Գագիկ Ծառուկյանը՝ 40 նիշ։ Բնակչության մեծ մասն իրենց հետ մեծ հույսեր է կապում», - հայտարարեց Ահարոն Ադիբեկյանը։
«ՀՀԿ-ն Տավուշի մարզում զիջում է «Ծառուկյան» դաշինքին, սակայն հարցվողների մեծ մասն ասել է, թե հարգում է Գրիգոր Ավալյանին, հետևաբար ձայնը տալու են Հանրապետական կուսակցությանը», - ասաց Ադիբեկյանը՝ հավելելով, թե այս պարագայում արդեն նաև կարևոր է վարկանիշային թեկնածուների ազդեցությունը։
Սոցիոլոգի խոսքով՝ Միհրան Պողոսյանին կարող է չսիրեն, բայց «Քեթրին» ընկերությունը բարեգործություններ է արել, հետևաբար, ստանալու է ընտրազանգվածի քվեն։