30/03/2017 18:04
Կոմունիստական կուսակցությունը բացառում է Գյումրիից 102-րդ ռազմաբազայի դուրս հանումը
Նախընտրական քարոզարշավի ընթացքում կոմունիստական կուսակցությունը ավելի քան 30 հանդիպում է ունեցել մարզկենտրոններում, քաղաքներում և սահմանամերձ գյուղերում, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կոմկուսի համամասնական ցուցակի երրորդ համար Գագիկ Մանուկյանը:
Վերջինս նշեց, որ ՀԿԿ-ն հատկապես կարևորում է երկրի անվտանգության հարցը:
«Մենք մեր ժողովրդին և մեր ընդդիմախոսներին մեր ասելիքն ունենք և բոլոր այն մարդկանց, որ պատեհ անպատեհ փորձում են հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրել: Հավատացեք այս բարեկամությունը մեզ պետք է: Գյումրիում գտնվող 102-րդ ռազմաբազան և սահմանապահների ռազմաբազան մեր երկրի համար առայժմ խիստ անհրաժեշտ են: Եվ թող այլ ուժերը չփորձեն պարտադրված ասելիք ներկայացնել ժողովրդին` ասելով, որ այդ բազաները, հատկապես 102-րդ ռազմաբազան, պետք է հանվի Գյումրիից», - ասաց նա:
Վերջինս ընդգծեց, որ այդտեղ բնակվող մարդիկ իրենք էլ չեն ցանկանում, որպեսզի այդ ռազմաբազաներն իրենց բնակավայրերից հանվեն: