30/03/2017 15:05
Նիկոլ Փաշինյանը ճիշտ կանի լռի, որպեսզի կրկնակի ի ցույց չդնի իր ծիծաղելի վիճակը. Գագիկ Մելիքյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «ԵԼՔ» դաշինքի նախընտրական ցուցակի 3-րդ համար Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տալիս լռել։
«Սեփական քաղաքական ուժի կողմից 0 ձայն և 0 վարկանիշ ունեցող Նիկոլ Փաշինյանը ճիշտ կանի լռի, որպեսզի կրկնակի ի ցույց չդնի իր ծիծաղելի վիճակը», -Aysor.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Մելիքյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Այսօր ՀՀԿ-ն հետևալ կերպ է քարոզարշավն անում. մեր քուչի Մովսեսիկի համար եք քվեարկելու, ձայն տվեք, կամ` էն Աբուլիկը, Ծըգլիկը. նրանց ռեյտինգն ավելի բարձր է, քան՝ Սերժ Սարգսյանինը»։
ՀՀԿ խմբակցության ղեկավարը շեշտեց՝ Սերժ Սարգսյանի վարկանիշը ցույց կտա ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները։
«Համոզված եմ, որ ժողովուրդը ապրիլի 2-ին իր վստահության քվեն կտա իր գերագույն գլխավոր հրամանատարին՝ Սերժ Սարգսյանին, և ՀՀԿ-ին՝ որպես իր անվտանգության առաջընթացի երաշխավոր», - նշեց նա։
Հարցին՝ ինչի՞ց է Նիկոլ Փաշինյանը եզրակացրել, որ ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ռեյտինգ չունի, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ իր ցանկությամբ իր քաղաքական ուժում անցկացված քվեարկության գործընթացը իրեն շփոթության մեջ է գցել»։