30/03/2017 12:51
Խորհրդարանում «Ծառուկյան» դաշինքի և Հանրապետականի սերտ համագործակցությունը կտեսնենք. Նիկոլ Փաշինյան
«Ելք» դաշինքը նախընտրական քարոզարշավն անցկացրել է լավ տրամադրությամբ, այս մասին, ամփոփելով քարոզարշավը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Մեր քարոզարշավն անցել է բարձր նոտայով, լավ տրամադրությամբ: Քարոզարշավի ընթացքում քաղաքացիների հետ ունեցած մեր շփումները թույլ են տալիս ասել, որ քաղաքացիների շրջանում «Ելք» դաշինքի նկատմամբ դրական մթնոլորտ է ձևավորվել: Եթե այն բոլոր մարդիկ, ովքեր մեզ հետ անձնական շփումների ժամանակ ասել են, որ մեր օգտին են քվեարկելու, այդպես անեն, ապա մենք ընտրություններում կհաղթենք», - ասաց նա:
Դիտարկմանը, թե ո՞ր քաղաքական ուժերի հետ կարող է համագործակցել «Ելք» դաշինքը, Փաշինյանը նշեց, որ եթե իրենք տեսնեն հնարավորություն իշխանության գալու և ՀՀԿ-ին ընդդիմություն դարձնելու, ապա լրջորեն կքննարկեն համագործակցության հեռանկարները: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս պահի դրությամբ չի կարող որևէ քաղաքական ուժի անուն տալ, որի հետ դաշինքը կհամագործակցի հետագայում:
Նրա դիտարկմամբ՝ նախնական կանխատեսումներով՝ խորհրդարանում հայտնվելու հայտ է ներկայացնում քաղաքական երեք ուժ՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը և «Ելք» դաշինքը:
«Իմ կանխատեսումն այն է, որ խորհրդարանում «Ծառուկյան» դաշինքի և Հանրապետականի սերտ համագործակցությունը կտեսնենք և պարտադիր չէ, որ դրա անունը կոալիցիա դնեն», - ասաց Ն. Փաշինյանը: