30/03/2017 18:43
Նովոսելցովո-Վանաձոր ջրատարի վթարը վերացվել է. 13 գյուղերի ջրամատակարարումը կվերականգնվի
Օրերս «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն տարածել էր հայտարարություն Լոռու մարզի 13` Վահագնի, Վահագնաձոր, Ձորագյուղ, Եղեգնուտ, Փամբակ, Ձորագետավան, Գուգարք, Անտառամուտ, Կուրթան, Ամրակից, Հոբարձի, Գուլագարակ, Վարդաբլուր գյուղական համայնքների և Վանաձոր քաղաքի ավելի քան 40 տոկոս բնակչության ջրամատակարարումը մարտի 30-ին` ժամը 08.00-ից դադարեցնելու մասին: Պատճառը Նովոսելցովո-Վանաձոր խողովակաշարի վրա տեղի ունեցած վթարներին էին:
Վանաձոր-Ալավերդի ճանապարհի վրա շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում ճանապարհաշինարարները վնասել էին 1000 մմ տրամագծով մայր ջրատարը` Փամբակ և Վահագնաձոր գյուղերը սնուցող հատվածներում:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ հանրային կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ ջրամատակարարման բնականոն ընթացքը վերականգնելու համար անհրաժեշտ էր դադարեցնել Նովոսելցովոյից ջրի մատակարարումը:
Այսօր, ինչպես և պլանավորվել էր, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի «Լոռի» տեղամասի աշխատակիցները, տեխնիկական տնօրեն Արթուր Ենոքյանի գլխավորությամբ, վնասված ջրատարի 3 հատվածներում կազմակերպել են վթարավերացման աշխատանքներ, հաջողվել է աշխատանքներն ավարտել նախատեսված ժամկետից շուտ:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն տեղեկացնում է` ջրամատակարարումը Վանաձորի` Նովոսելցովո ջրատարից սնվող թաղամասերում և վերոհիշյալ 13 գյուղերում կվերականգնվի մարտի 31-ին` մինչև ժամը 06.00-ն: