30/03/2017 12:44
Անընդունելի է, որ անվտանգության խնդիրները չդարձան քննարկման առարկա քարոզարշավի ընթացքում. Վիգեն Սարգսյան
Անվտանգության խնդիրներն այնպես էլ չդարձան բուռն քննարկման առարկա այս քարոզարշավի ընթացքում, «Շանթ» հ/ը «Հեռանկար» հաղորդման եթերում ասել է ԱԺ ընտրություններում ՀՀԿ համապետական ցուցակը գլխավորող, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Մասնակցող ինը ուժերից ընդամենը երեքն է, եթե չեմ սխալվում, որ կարծիք է արտահայտել այդ հարցերի շուրջ», - ասել է Վիգեն Սարգսյանը:
Անդրադառնալով խնդիր վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկումներին` Վիգեն Սարգսյանը նշել է, որ դրանք լավ հայտնի էին ու բազմիցս հնչեցվել են նաև քարոզարշավի ընթացքում:
«Առանձին թեմա է, թե այդ մոտեցումն ու դրա հնչեցումը ներքին քաղաքական գործընթացի ժամանակ, օգու՞տ է բանակցային գործընթացին, թե՞ չէ: Բայց առհասաակ, կարծում եմ՝ անընդունելի է, որ այս թեման չի դարձել լայն քննարկման առարկա: Կարծում եմ` մեր դիրքորոշումը շատ լավ հայտնի է: Մենք ելնում ենք նրանից, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը դա Արցախի ժողովրդի ինքնորոշման խնդիր է», - ասաց Վիգեն Սարգսյանը: