30/03/2017 11:08
ՀՀԿ-ի մրցակիցներն առաջարկում են փոխել տնտեսության մաշված մեքենայի անիվները, մենք առաջարկում ենք նոր մեքենա. Վիգեն Սարգսյան
Մենք առաջարկում ենք փոխել այն մեքենան, որը մեր տնտեսության շարժիչ ուժն է, «Շանթ» հ/ը «Հեռանկար» հաղորդման եթերում ասել է խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Մենք հստակ բան ենք ասում մեր քարոզարշավում.առաջարկում ենք փոխել այն մեքենան, որը մեր տնտեսության շարժիչ ուժն է, փոխել այն համակարգը, որով մեր տնտեսությունը պետք է առաջ շարժվի` ներդրումային լուրջ ծրագրերի շնորհիվ, որոնք իրականացվելու են այս տարվանից», - ասաց Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով` ՀՀԿ-ի մրցակիցներն առաջարկում են ծրագրեր, որոնք կարող են նույնիսկ վտանագվոր լինել երկրի տնտեսության համար:
«Մեր բազմաթիվ մրցակիցներ առաջարկում են ծրագրեր` կապված թոշակների, աշխատավարձերի, նպաստների ավելացման հետ, որը ես հեշտությամբ կհամեմատեմ հին, մաշված մեքենայի անիվները փոխելու հետ: Կարելի է այդ անիվները թարմացնել, թեև ասեմ, որ առաջարկվող մի շարք կետեր վտանգավոր են, պարզապես վտանգավոր են երկրի տնտեսությունը կոլապսի բերելու առումով: Այնուամենայնիվ, մենք առաջարկում ենք նոր մեքենա ու նոր մոտեցում տնտեսությանը», - ասաց Վիգեն Սարգսյանը: