30/03/2017 14:05
1200 ընտանիք օդից կախված է. Վիգեն Սարգսյան
Կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետ Աշոտ Մարկոսյանը գործադիրին այսօր ներկայացրեց գույք ամրացնելու մասին որոշման նախագիծը:
Ըստ նախագծի՝ Արմավիրի մարզ, Երասխահուն համայնք, Մեծ Ակադեմիյան թաղամաս հասցեում գտնվող 2066.6 քառ. մետր մակերեսով հանրակացարանային մասնաշենքը և 161 քառ. մետր մակերեսով վարչական շենքը, նվիրաբերության կարգով, կտրամադրի այնտեղ բնակվող ընտանիքներին:
Հարցի առնչությամբ առարկություն ներկայացրեց Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ նշելով, որ ստուգել են և պարզել, որ բնակարանները հանձնվում են 18 տարին չլրացած քաղաքացիների:
«Ո՞նց թե 18 տարին չլրացած», - հարցրեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
Աշոտ Մարկոսյանը պարզաբանեց, որ բնակարանները հանձնվում են ոչ թե 18 տարեկան քաղացիներին, այլ՝ այդ բնակարաններում ապրում են նաև անչափահաս երեխաներ:
Հարցին միջամտեց նաև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով ասաց, որ ՊՆ-ի ծառայողական ֆոնդի հաշվեկշռում 1200 բնակարան կա, և կան դեպքեր, երբ նա, ում հատկացվել է բնակարանն, արդեն մահացել է:
«1200 ընտանիք օդից կախված է», - ասաց Սարգսյան՝ հավելելով, որ խնդրի լուծման առնչությամբ պատրաստվում են նախագիծ ներկայացնել:
«Պետք է տարածքները լեգալիզացնել և նոր էջ բացել։ Էդ գույքը ո՛չ մերն ա, ո՛չ իրենցն ա, մի հատ մաքրենք էդ դաշտը, մի հատ մաքրենք էդ ամեն ինչը, պրծնենք գնա», - արձագանքեց Կարեն Կարապետյանը: