30/03/2017 13:29
Դա հերյուրանք է և պատմության խեղաթյուրում. Քոչարյանի գրասենյակի ղեկավարը արձագանքել է Տեր-Պետրոսյանին
2rd.am-ը ՀՀ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին խնդրել է մեկնաբանել Լևոն Տեր-Պետրոսյանի` «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում Արցախյան հիմնախնդրին վերաբերվող մի շարք մտքերը:
Հարցին, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր հարցազրույցում ասել է, որ Քի-Ուեստում քննարկվել է, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակը», ի՞նչպես է նա մեկնաբանում այդ հայտարարությունը, Սողոմոնյանը պատասխանել է.
«Տեր-Պետրոսյանը, ըստ էության, որևէ նոր բան չի ասել: Մի մասով` իր հայտնի հոդվածն է վերաշարադրել` վերստին ներկայանալով որպես պարտվողականության ջատագով, մյուս մասով` կրկնել արդեն վաղուց ծեծված ստերն ու կեղծիքները` ներկայացնելով դրանք իբր պատմական իրողություններ:
Դրանց թվում է, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակը»: Կրկին հայտարարում եմ. ոչ Քի-Ուեստում, ոչ էլ այլուր, բանակցությունների որևէ փուլում Մեղրիի կամ ՀՀ որևէ այլ տարածքի փոխանակման հարց չի քննարկվել: Դա հերյուրանք է և պատմության խեղաթյուրում: Իսկ ինչ վերաբերում է «լավ չենք ապրելու, մինչև չլուծենք» տեր-պետրոսյանական բանաձևին, ապա այն քննադատության չի դիմանում:
Հիշեցնեմ, որ 2000-2008թթ. Հայաստանի տնտեսությունը երկնիշ տնտեսական աճ է գրանցել»: