30/03/2017 17:09
Առաջին անգամ առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոն զբաղեցնող անձի համար ևս սահմանել երդման արարողություն Ազգային ժողովում
Օրինագծով սահմանվել է ՀՀ գլխավոր դատախազի ընտրության՝ ՀՀ սահմանադրության մի շարք կարգավորումներ:
Հավանության է արժանացել նաև «Դատախազության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծի ընդունման արդյունքում օրենսդրությամբ կնախատեսվեն արդի դատաիրավական բարեփոխումներով դատախազության գործունեության համատեքստում առաջնային համարվող մի շարք ուղղությունների նոր կարգավորումներ, ինչպես նաև կապահովվի «Դատախազության մասին» ՀՀ օրենքի համապատասխանությունը 2015թ. դեկտեմբերի 6-ի խմբագրությամբ ՀՀ սահմանադրությանը:
Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներին նշանակել մրցույթի հայտարարման միջոցով՝ համապատասխան թեկնածուների հայտերի ներկայացմամբ, և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներին ընտրել մրցույթի արդյունքներով՝ որակավորման անդամների կեսից ավելի ձայներով ընդունված որոշմամբ: Հավասար ձայներ ստացած թեկնածուների դեպքում որոշումը կարող է կայացնել ՀՀ գլխավոր դատախազը: Օրենքի նախագծով սահմանվել է, որ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում կարող է նշանակվել երեսուն տարին լրացած, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով օժտված այն անձը:
Օրինագծով սահմանվել է ՀՀ գլխավոր դատախազի ընտրության՝ ՀՀ սահմանադրության մի շարք կարգավորումներ: Այսպես՝ գլխավոր դատախազն ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է ԱԺ-ի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով, նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել գլխավոր դատախազ։ Առաջին անգամ առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոն զբաղեցնող անձի համար ևս սահմանել երդման արարողություն Ազգային ժողովում:
Նախագծով բարեփոխվել է նաև դատախազների կարգապահական պատասխանատվության ենթարկելու համակարգը՝ հստակեցնելով այն կարգավորող նորմերը: Մասնավորապես, հստակեցվել է կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակը և վարույթ հարուցելու կարգը, վարույթի հարուցման հիմքերը, դատախազի, ում նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, իրավունքներն ու պարտականությունները:
Ի տարբերություն գործող տարբերակի՝ նախագծում մանրամասնորեն կարգավորվել են կարգապահական պատասխանատվության հիմքերի, կարգապահական տույժերի, դրանք նշանակելու իրավունք ունեցող անձանց շրջանակի, կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգի ու ժամկետների, կարգապահական տույժը հանելու կամ մարելու, ինչպես նաև էթիկայի հանձնաժողովի գործունեության կարգի հետ կապված բոլոր հարցերը: