30/03/2017 13:47
Ծառայությունից խուսափածները կազատվեն քրեական հետապնդումից
Այսօր կառավարության նիստին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից ներկայացվեց կառավարության եզրակացության նախագիծ՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ:
« «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, խուսափելով քրեական հետապնդումից, չեն վերադառնում հայրենիք: Այդ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով արդեն մի քանի անգամ կատարվել է փոփոխություն, որը մեծ խթան է հանդիսացել հազարավոր երիտասարդների վերադարձը հայրենիք ապահովելու գործում», - որոշման նախագիծը ներկայացնելիս ասաց Հրանուշ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ Հայրենիք և ազատվել քրեական հետապնդումից:
«Սույն օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2015 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը և տարածվում է այդ ընթացքում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները՝ 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (անձանց) վրա: Սույն օրենքի գործողությունը չի տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված կարգով զինվորական հաշվառումից հանված կամ արարքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործը կարճված կամ նույն հիմքով քրեական գործի հարուցումը մերժված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա», - ասված է որոշման նախագծում։