30/03/2017 14:42
Կարապետյանը մնաց մենեջեր, Ծառուկյանը՝ փրկիչ. Քաղտեխնոլոգը ամփոփել է նախընտրական քարոզարշավը
Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Ազգային ժողով հաստատ կանցնեն Հանրապետական կուսակցությունն ու «Ծառուկյան» դաշինքը, հաստատ չեն անցնի Կոմունիստական և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները: Իսկ մյուս ուժերի պարագայում խորհդարան անցնելու համար անհրաժեշտ տոկոսային շեմը ստանալ-չստանալու հավանականությունը 50/50 է: Նման կանխատեսումներ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Անդրադառնալով ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին՝ քաղտեխնոլոգը ներկայացրեց յուրաքանչյուր ուժի վարած նախընտրական քարոզարշավը, դրա ընթացքում թույլ տված սխալները:
Այսպես, Հանրապետական կուսակցությունը, Բադալյանի կարծիքով, խորհրդարան կանցնի մեծամասամբ պատգամավորության ռեյտինգային թեկնածուների կողմից բաժանված ընտրակաշառքի ու ինչ-որ չափով նաև վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշի շնորհիվ:
«Ինչպես տեսնում եք, հիմնական նախընտրական շոգեքարշը վարչապետն է վարում, բայց նա չկարողացավ ունենալ այն կշիռը, որը կարող էր ունենալ ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ, որովհետև կազմակերպիչները բավականին կոպիտ սխալներ թույլ տվեցին. վարչապետն ունի հզոր մարդկային պոտենցիալ, նրա շուրջ պետք էր ձևավորել անհրաժեշտ կերպար, ինչը չարվեց: Փոխարենը «ռասկռուտկա» արվեց խոսացող գլուխի կերպար, երբ գնում էր փակ դահլիճներում հանդիպում էր սահմանափակ թվով մարդկանց հետ, հարցազրույց տալիս, պատասխանում մարդկանց հարցերին», - նշեց Ա. Բադալյանը՝ ընդգծելով, որ մենեջերի իր կերպարից, վարչապետը այդպես էլ չկարողացավ դուրս գալ ու դառնալ քաղաքական կերպար:
«Ծառուկյան» դաշինքը, ի տարբերություն ՀՀԿ-ի, Բադալյանի խոսքով, «ամենաարդյունավետը աշխատեց»: «Սոցիալ-տնտեսական շատ վատ վիճակում ապրող հասարակուէյան համար, «Ծառուկյան» դաշինքի ղեկավարը կարողացավ օբյեկտիվորեն ստանձնել փրկչի դերը և այս կամ այն բնակավայր գնալով՝ նա կարողանում էր մարդկանց խնդիրներին անմիջական լուծում տալ», - ասաց քաղտեխնոլոգը:
Դիտարկմանը, թե դա ԿԸՀ-ի կողմից համարվեց ընտրախախտում, Բադալյանն արձագանքեց, որ դա նախընտրական գործընթացի իրավական կողմն է, մինչդեռ որպես փորձագետ ինքն ուշադրություն է դարձնում քարոզարշավի վարման վրա: Նրա խոսքով, եթե վարչապետը ընդհանուր հայտարարություններ էր անում, թե այսինչ կամ այնինչ ծրագիրն են իրականացնելու, ապա «Ծառուկյան» դաշինքի պարագայում լուծում էին տրվում կոնկրետ խնդիրներին:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, ըստ քաղտեխնոլոգի, «կոպտագույն» ռազմավարական սխալներ է թույլ տվել նախընտրական քարոզարշավի ժամանակ: «Քանի որ նրանց առաջնորդը նախկին գեներալ էր և փոխարենը, հաշվի առնելով նրա կենսագրությունը, անհրաժեշտ կերպար ձևավորելու նրա շուրջ, ոչինչ չասող ստանդարտ քարոզարշավ վարեցին: Այսինքն՝ ընդամենը գնում էին այս կամ այն բնակավայրը ու խոստումներ տալիս, ոչ ավելին: Եթե գրագետ վարեին քարոզարշավը, բավական մեծ վարկանիշ կունենային, բայց նրանք սխալվեցին», - ասաց Արմեն Բադալյանը՝ նկատելով, որ կարելի էր հզոր կերպար ձևավորել ի դեմս Սեյրան Օհանյանի, որը կարող էր մրցել Ծառուկյանի ու Կարապետյանի հետ:
Ինչ վերաբերում է Հ. Յ. Դաշնակցություն կուսակցությանը, ապա, ըստ Բադալյանի, ճիշտ է, այդ կուսակցությունն ունի կայուն ընտրազանգված, բայց կարևորը այդ ընտրազանգվածի ծավալն է:
«Երբ ՀՅԴ-ն հայտարարում է, թե ունի կայուն ընտրազանգված, դա կարևոր չէ, կարևորն այն է, թե ինչքան է դա կազմում: ՀՅԴ-ն ոչինչ այս քարոզարշավի ժամանակ չկարողացավ ներկայացնել, այսինքն՝ հույս ունենալ, որ այդ կայուն ընտրազանգվածը նրան կարող է տանել խորհրդարան, չի կարող լինել, որովհետև մենք այդ կայուն ընտրազանգվածի ծավալը չգիտենք: ՀՅԴ-ի մուտքը խորհրդարան կարող է տեղի ունենալ, եթե Բաղրամյան 26-ը աջակցի այդ կառույցին», - ասաց Բադալյանը:
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը, նրա խոսքով, «ընդգծված քաղաքական կամպանիա իրականացրեց». Այսինքն՝ նրանք մեկ թեմայի՝ «Խաղաղություն հիմա» շրջանակներում կարողացան քարոզրաշավ վարել:
«Չեմ կարող ասել, թե նրանք լիարժեք կարողացան «ռասկռուտկա» անել այդ թեման, բայց իրենց պատկերացումներով «ռասկռուտկա» արեցին, թե ինչքանով հաջողվեց, չեմ կարող ասել, բայց բավականաչափ տակտիկական սխալներ գործեցին, քանի որ այդ թեման լիարժեք չներկայացրին», - նշեց Ա. Բադալյանը:
Քաղաքագետը համարում է, որ ԵԼՔ դաշինքը քարոզարշավի ժամանակ խնդիր է դրել, որ իրեն ճանաչի հասարակությունը և այդպես էլ առաջ է շարժվել: «Եթե նկատել եք, նրանք բոլոր հարցերից ու ելույթներից հետո ասում են՝ «ելք կա»: Կարևոր չէ, թե ինչպես, կարևորը, որ ելք կա, խնդիրը դրված էր, որ մարդկանց ասեն՝ ելք կա ու դրա համար պետք է քվեարկել ԵԼՔ-ի օգտին: Կարողացան ճանաչում ձեռք բերել այդ տերմինով: Չեմ կարող ասել, որ արդյունավետ չէ, բայց ինչքան կաշխատի, դժվար է ասել: Իրենց խնդիրն էր, որ ճանաչեն իրենց ու այդ խնդիրը լուծվեց», - ասաց Բադալյանը:
Ինչ վերաբերում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, ապա քաղաքագետի խոսքով, նրանք լուրջ սխալներ են թույլ տվել, երբ փորձել են ներկայանալ որպես արևմտամետ ուժ: «Երբ նայում ես, թե ովքեր են ներկայանում որպես արևմտամետ ուժ, այսինքն՝ այդ կուսակցության նախընտրական քարոզարշավը վարող հիմնական անձինք չկարողացան հանրությանը համոզել, որ իրենք այն մարդիկ են ու գործիչները, որոնք կարող են արևմտյան արժեքների հեղաշրջում իրականացնել: Դա իրենց չհաջողվեց», - ասաց նա:
Հայաստանի Կոմունիստական կուսակցությանը քաղտեխնոլոգը հարկ չի համարում առանձին անդրադառնալ և միայն նկատեց, որ այդ կուսակցությունը «նոստալգիայի» վրա հիմնված է, որին կարող են քվեարկել «կյանքի մայրամուտին մոտ գտնվող մարդիկ»:
«Հայկական Վերածնունդ» կուսակցությունը այս ընտրարշավում, ըստ Բադալյանի, որդեգրել էր պոպուլիստական խոստումներ տալու քաղաքականությունը: «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում քարոզարշավին մասնակցած բոլոր ուժերի մոտ էլ կային պոպուլիստական տարրեր, ուղղակի «Հայկական վերածնունդի» մոտ մի քիչ ավելի շատ էին այդ տարրերը», - հավելեց Բադալյանը:
Ընդհանուր առմամբ, ըստ քաղտեխնոլոգի, բոլոր ուժերի խնդիրը այս ընտրություններից առաջ այն է, որ նրանք բոլորը այդպես էլ լուրջ չվերաբերվեցին ընտրական գործընթացին: