30/03/2017 11:30
Կիրառել որոշակի կանխարգելիչ միջոցառումներ, որպեսզի էս վիճակին չգանք, չհասնենք. Վարչապետին բազմաթիվ բողոքներ են ներկայացրել
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը սնանկության գործերով կառավարիչների գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ հանձնարարական տվեց։
«Սնանկ ձեռնարկությունների աշխատակիցները մարզային այցերի ընթացքում մեր առջև բարձրացրել են բազմաթիվ բողոքներ, որոնք վերաբերում են սնանկության գործերով կառավարիչների գործունեությանը», - ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ բողոքները հիմնականում կապված են կառավարիչների ոչ պատշաճ գործողությունների հետևանքով սնանկության վարույթի չափազանց երկար տևելու, պարտատերերի օրինական, այդ թվում, աշխատավարձի վճարման հետ կապված պահանջների բավարարաման գորխընթացի ցածր արդյունավետության ու այլ խնդիրների հետ։
Կարեն Կարապետյանը ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հանձնարարեց երեքամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել թվարկված խնդիրների վերացման, ինչպես նաև սնանկության գործերով իրականացվող վարույթի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություն։
«Այստեղ, տիկին Հովհաննիսյան, կխնդրեմ ձեզ, որպեսզի այս հանձնարարականը կատարելու ընթացքում կարողանանք կիրառել որոշակի կանխարգելիչ միջոցառումներ սնանկության հասնելուց առաջ, որպեսզի էս վիճակին չգանք, չհասնենք», - ասաց վարչապետը։