31/03/2017 12:03
Ընտրություններին ձայների առյուծի բաժինը կտանեն ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը, ԱԺ-ում կհայտնվեն նաև «Ելք» դաշինքն ու ՀՅԴ-ն. սոցհարցում (Տեսանյութ)
Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ձայների առյուծի բաժինը կստանան ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը, խորհրդարանում հայտնվելու հնարավորություն կունենան նաև «Ելք» դաշինքն ու ՀՅԴ-ն, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հրապարակելով Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի և Baltic Surveys/The Gallup Organization մասնագիտացված կազմակերպությունների անցկացված սոցհարցման արդյունքները՝ ասաց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը:
Նրա խոսքով՝ խորհրդարանում հայտնվելու հնարավորություն ունի նաև ՀՎԿ դաշինքը: Վերջինս նշեց, որ հարցմանը մասնակցել է 1005 չափահաս բնակիչ, որոնց 50 %-ը ասել է, որ կմասնակցի, իսկ 35 %-ը՝ հավանաբար կմասնակցի ընտրություններին:
«Ընտրություններից մի քանի օր առաջ ընտրողների առավել մեծ աջակցությունն են վայելում երկու կուսակցություն՝ ՀՀԿ-ն, որին պատրաստ է ձայն տալ ընտրողների 30,2 %-ը, և «Ծառուկյան» դաշինքը` 29,1 %», - նշեց BS/The Gallup Organization-ի ներկայացուցիչ Ռասա Ալիսաուշկիենեն:
Վերջինս ընդգծեց, որ «Ելք» դաշինքի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 9 %-ը, ՀՅԴ-ի` 7 %-ը, ՀՎԿ-ի և Ազատ դեմոկրատների օգտին 3 %-ը, իսկ հարցվածների 13 տոկոսը դեռ չի որոշել, թե ում օգտին է քվեարկելու: Նրա խոսքով` սոցհարցումների արդյունքում երիտասարդների մեծամասնությունը նշել է, որ պատրաստ է ձայն տալ «Ելք» դաշինքին:
Սոցհարցումները ցույց են տվել, որ ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների օգտին քվեարկելու է հարցվածների 31,7 %-ը, իսկ «Ծառուկյան» դաշինքի թեկնածուների օգտին՝ 21,8 %-ը:
Ինչ վերաբերում է քարոզարշավի ֆավորիտներին, ապա սոցհարցման արդյունքներով նրանք երկուսն են՝ Կարեն Կարապետյանը, ում վարկանիշը կազմում է 72 % և Գագիկ Ծառուկյանը՝ 73 % վարկանիշով: