02/04/2017 23:07
Դիտորդները հուսահատ էին. իրենց լիազորություններն իրականացնելու ազատություն չունեին. Արսինե Խանջյան
Հայաստանում դիտորդական առաքելությամբ գտնվող կանադահայ կինոդերասանուհի Արսինե Խանջյանն իր այցելած բոլոր ընտրատեղամասերում ընտրախախտումներ է արձանագրել:
Ամփոփելով դիտորդական առաքելությունը՝ լրագրողների հետ հանդիպմանը Արսինե Խանջյանն ասաց, որ առավոտյան եղել է Գորիսում, Սիսիանում, ապա Երևանում:
«Խախտումներ բոլոր տարածքներում էլ արձանագրել ենք: Բոլոր տեղամասերում հատկապես կուտակումներ կային, մարդիկ տեղեկացված չէին, շփոթմունք էր տիրում: Քվեարկողները, անկախ տարիքից, հստակ չգիտեին, թե ինչպես պետք է օգտագործեին քվեաթերթիկները և ծրարները: Անգամ մի զինվոր չգիտեր, ինչ անել, ստիպված էր երկրորդ անգամ քվեարկել, բայց չքվեարկեց և դուրս եկավ տեղամասից», - ասաց նա:
Արսինե Խանջյանի խոսքով՝ մեծահասակներին հիմնականում ոչ թե ուղեկցում էին, այլ ուղղորդում: Վերջինս նաև նշեց, որ հանձնաժողովի քարտուղարի կողմից ևս կողմնակալ վերաբերմունք կար:
«Հրաժարվում էին դիտորդների արձանագրած խախտումները գրանցել: Տպավորություն ունեի, որ դիտորդներն ընդհանրապես հուսահատ էին, որովհետև իրենց լիազորությունները իրականացնելու ազատություն չունեին», - ասաց Ա. Խանջյանն ու նշեց, որ դիտորդների մատնանշած ընտրախախտումները գրանցամատյանում արձանագրվել են միայն իրենց միջամտությունից հետո:
Արսինե Խանջյանն ափսոսանք հայտնեց,որ այդպես էլ ականատես չեղավ մաքուր ընտրությունների: