02/04/2017 14:21
Վանաձորում «Ելք»-ի վստահված անձը հեռացվել է ընտրատեղամասից, բայց «անգամ այս իրավիճակում ելք կա»
Վանաձորի թիվ 23/36 տեղամասում հանձնաժողովի անդամների քվեարկությամբ հեռացվել է «ԵԼՔ» դաշինքի վստահված անձը, Վանաձորից ուղիղի միացմամբ հայտնեց «ԵԼՔ» դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը։
«Պահանջում ենք, որ մեզ տան քվեարկության մասին արձանագրություն և, թե ինչու է նա հեռացվել, բայց մեզ արձանագրություն չեն տալիս», - նշեց նա։
Էդմոն Մարուքյանն ընդգծեց՝ որոշել են քվեարկությամբ հեռացնել, բայց չեն կարողանում պատճառաբանել:
«Մեր վստահված անձը հայտնաբերել է խախտումներ, և նրանք շատ են անհանգստացել դրանից, բացակա անձանց դիմաց կետեր են դրված եղել մատյանում, և նա պահանջել է կազմել արձանագրություն, որին հետևել է հանձնաժողովի քվեարկությունը՝ նրան ընտրական տեղամասից հեռացնելու մասին: Մենք նոր վստահված անձ ենք այստեղ ներկայացրել, սակայն նախորդ վստահված անձի հեռացման որոշումը մեզ վախենում են հանձնել: Կարծում եմ՝ անգամ այս իրավիճակում ելք կա, և բոլոր պատասխանատուները պատժվելու են», - նշեց Է. Մարուքյանը։