03/04/2017 14:52
Չկա նման բան. «ԵԼՔ»-ը վայր չի դնի մանդատները
ԱԺ ընտրությունների նախնական արդյունքներով՝ խորհրդարան անցած «ԵԼՔ» դաշինքը չի պատրաստվում մանդատները վայր դնել։
«Երբ ես ընտրվել էի, մի մանդատ ունեի, էլի այդ կոչերը հնչում էին, եթե «ԵԼՔ» դաշինքը մանդատները վայր դնի, ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովում ընդդիմություն չի լինի», - «Ազատության» եթերում ասաց «ԵԼՔ» դաշինքը գլխավորող Էդմոն Մարուքյանը։
Նա նշեց, որ իրենք իրենց ընտրած 120 հազար և ավելի քաղաքացու համար պատասխանատու են։
«Մենք ինչպես կարող ենք այդ մարդկանց ձայնը, ովքեր հազար պրոբլեմի մեջով են անցել, ասենք նրանց ձայնը հեչ էական չի, չկա նման բան», - ասաց նա։
Էդմոն Մարուքյանն ասաց, որ մանդատները վայր դնելու մասին կոչերը ՀՀԿ-ից է։ «Որովհետև իրենք վախեցած են մեր ֆրակցիայից, խորհրդարանում շատ լուրջ ընդդիմադիր ֆրակցիա է ձևավորվել», - ասաց Է. Մարուքյանը։