12/04/2017 11:58
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը դեռևս չի դիմել Սահմանադրական դատարան
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով Սահմանադրական դատարան դեռևս բողոք չի ներկայացրել:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ԿԸՀ-ում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի լիազոր ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը նշեց, որ իրենք այս պահին աշխատում են բողոքի վրա։
«Մինչև ապրիլի 14-ը սահմանված ժամկետներում դիմումը մուտք կանենք Սահմանադրական դատարան», - նշեց նա:
Համաձայն ՀՀ սահմանադրության՝ Ազգային ժողովի առաջին նիստը գումարվում է պատգամավորների երկու երրորդի ընտրվելուց հետո երրորդ հինգշաբթի օրը, հետևաբար նախատեսվում է, որ նոր խորհրդարանն իր աշխատանքները պետք է սկսի ապրիլի 27-ից, մինչդեռ, եթե Կոնգրես-ՀԺԿ դաշինքը դիմի Սահմանադրական դատարան, ապա վերջինս պարտավոր է առավելագույնը 15 օրվա ընթացքում քննել դիմումը։ Այս դեպքում նոր խորհրդարանի աշխատանքները կսկսվեն ամենաուշը մայիսի 18-ին: