12/04/2017 21:27
ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն քննարկում են ապագա համագործակցության հարցը. Շարմազանով
Հաշվի առնելով հանգամանքը, որ օրեր առաջ ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները, Հանրապետական կուսակցություն ևս այսօր ԳՄ նիստում ընտրատարածք առ ընտրատարածք ամփոփել է ընտրությունների արդյունքները. Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Նիստում քննարկել ենք նաև Երևանի ավագանու ընտրություններում մեր մասնակցության կազմակերպչական խնդիրները, ծրագիրը, որ ավարտական փուլում է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Հարցին՝ ՀՀԿ-ն որոշել է արդյոք, թե Ազգային ժողովում պաշտոններն ինչպես է բաշխելու, Է. Շարմազանովը պատասխանեց. «Այս պահին քննարկումներ են իրականացվում ՀՅԴ-ի մեր գործընկերների հետ։ Այո, ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն քննարկում են ապագա համագործակցության հարցը, դրանք ավարտվելուն պես կտեղեկացնենք ձեզ։ Բայց, քանի որ դրանք քննարկումների փուլում են և չեն ավարտվել, կոռեկտ էլ չի լինի, որ առանց քննարկումներն ավարտած մենք քննարկենք ապագա կառավարության հարցը»։
Շարմազանովն ասաց, որ վարչապետի հարց, բնականաբար, քննարկվել չի կարող, քանի որ վարչապետ շարունակելու է մնալ Կարեն Կարապետյանը։