14/04/2017 11:59
Ադրբեջանում անցկացվելիք զորավարժությունը խախտում է ԵԱՀԿ փաստաթղթերը. հայկական կողմը կդիմի կազմակերպությանը. Արծրուն Հովհաննիսյան
Ապրիլի 16-ին Ադրբեջանում մեկնարկող լայնածավալ զորավարժությունները տեղի են ունենում ԵԱՀԿ փաստաթղթերի խախտմամբ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Մենք ուսումնասիրել ենք իրավիճակը: Այստեղ հստակորեն կա ԵԱՀԿ-ի թիվ 9/12 որոշման խախտում և Վիեննայի փաստաթղթով ստորագրված պարտավորության խախտում», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ այդ մասին հայկական կողմը կիրազեկի ԵԱՀԿ-ին:
Ստորագրված փաստաթղթերը ենթադրում են, որ զորավարժություն անցկացնող ԵԱՀԿ անդամ երկիրը պարտավոր է այդ մասին իրազեկել կազմակերպության բոլոր անդամներին:
Ապրիլի 16-ից 21-ն Ադրբեջանում անցկացվելու է զորավարժություն, որում ներգրավված է լինելու մոտ 30 հազար զինծառայող, ավելի քան 250 տանկ և զրահամեքենա, հրթիռա-հրետանային 200 համակարգ, ռազմաօդային ուժերի տարբեր նշանակության 25 մարտական ինքնաթիռներ, ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր միջոցներ և անօդաչու թռչող սարքեր: