14/04/2017 14:18
Այդ ստիպելը տևել է մինչև քվեախուց մտնելը. Հակոբ Հակոբյանը՝ «ՍԱՍ»-ի աշխատակիցներին ահաբեկելու մասին
Եթե անգամ մարդկանց ստիպել են քվեարկել իրենց ուզած թեկնածուի օգտին, ապա այդ ստիպելը մինչև քվեախուց մտնել է եղել, Aysor.am- ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ մեկնաբանելով Արտակ Սարգսյանի («ՍԱՍ»-ի Արտակ) համար հավաքվող ձայների վերաբերյալ համացանցում հայտնված ձայնագրությունը:
«Եթե երեք հոգի էլ ստիպել են, ապա հաստատ համոզված եմ, որ այդ ստիպելը տևել է մինչև քվեախուց մտնելը: Քվեախցում մարդուն ոչ մեկ չի ստիպել, և նա կատարել է քվեարկությունն՝ ըստ իր ցանկության», - ասաց նա՝ բացառելով, որ քվեարկողների վրա եղել են ճնշումներ:
Դիտարկմանը, թե արդյոք ճնշում չի համարում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կողմից բարձրաձայնած ուղղորդված քվերակության մասին հարցը, պատգամավորը նշեց.
«Ոչ, գաղտնիք չէ, որ քվեարկությունը փոխվել էր, նոր սարքավորումներ ու տեխնիկական միջոցներ էին ներգրավվել ընտրական պրոցեսին և մարդկանց օգնելը, առավել ևս շրջաններում, դառնում էր պարտադիր: Ես այստեղ ընտրությունների վրա ազդելու ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում»:
Ավելի վաղ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը տեղեկացրել էր, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի՝ Սահմանադրական դատարան դիմելու նյութերի մեջ ներառվելու է նաև Արտակ Սարգսյանի համար հավաքվող ձայների վերաբերյալ ձայնագրությունը, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ձեռնպահ էր մնացել որևէ հայտարարություն անելուց: Դատախազությունից Aysor.am-ին տեղեկացրել էին, որ ուսումնասիրում են «ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրությունները: