14/04/2017 10:55
Կոռուպցիայի և անարդարության վրա ուշադրություն հրավիրած անձը պետք է գնահատվի, ոչ թե հետապնդվի. Սերժ Թանկյանն աջակցություն է հայտնել Դանիել Իոաննիսյանին
«System of a Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր աջակցությունն է հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանին:
«Մի քանի շաբաթ առաջ եմ հանդիպել Դանիել Իոաննիսյանի հետ և Instagram-ում հրապարակել մեր լուսանկարը՝ գնահատելով նրա ջանքերը լրագրողական ակտիվիզմի ոլորտում: Կոռուպցիայի և անարդարության վրա ուշադրություն հրավիրած անձը պետք է գնահատվի, ոչ թե հետապնդվի։ Եթե ներգրավված դպրոցի տնօրեններն ամաչում են իրենց ոչ պատշաճ գործողությունների բացահայտման համար, ապա նրանք պետք է պայքարեն իրենց այդ վիճակում դրած անձանց դեմ, ոչ թե լրագրողի», - Facebook-յան իր էջում գրել է Սերժ Թանկյանը։
Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը խորհրդարանական ընտրություններից առաջ հրապարակել էր ձայնագրություն՝ տնօրենների հետ խոսակցությունից, որտեղ նրանք ասել են, թե ձայներ են հավաքել ՀՀԿ-ի համար։
Հայաստանի տարբեր շրջանների և Երևանի 30 մանկապարտեզների ու դպրոցների տնօրեններ ՀՀ տարբեր դատարաններ քաղաքացիական հայց են ներկայացրել ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարկական կազմակերպության և Դանիել Իոաննիսյանի։
Նրանք պահանջում են Իոաննիսյանից զրպարտություն համարվող փաստացի տվյալները հարպարակայնորեն հերքել և, որպես փոխհատուցում, պահանջում են յուրաքանչյուրը երկու միլիոն դրամ։