14/04/2017 11:54
Պետք է նախ պարզել՝ Արտակ Սարգսյանը տեղյա՞կ է եղել հավաքից, թե՞ ոչ. Վահրամ Բաղդասարյան
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի բացառում, որ Արտակ Սարգսյանի («ՍԱՍ»-ի Արտակ) օգտին ձայներ ապահովելու հավաքին անձամբ պատգամավորության թեկնածուն չի մասնակցել:
Խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը Վ.Բաղդասարյանը նշեց, որ Արտակ Սարգսյանը կարող էր տեղյակ չլինել, որ իր աշխատակիցները ահաբեկել են «ՍԱՍ» սուպերմարկետի աշխատակիցներին` պահանջելով ձայներ հավաքել ու քվեարկել Արտակ Սարգսյանի օգտին, սպառնալով, որ այլապես նրանք կզրկվեն աշխատանքից:
«Չէի ցանկանա մեկնաբանել լրատվության նյութերը, քանի որ դրանք պարզաբանված չեն», - խորհրդարանում լրագրողներին ասաց Վ.Բաղդասարյանը:
Դիտարկմանը, եթե պարզվի, որ Արտակ Սարգսյանը կապ է ունեցել միջադեպի հետ, ապա խմբակցությունը կպահանջի՞ նրանից վայր դնել պատգամավորի մանդատը՝ Բաղդասարյանն ասաց.
«Եթեներով չեն շարժվում: Կուսումնասիրենք ու կխոսենք դրա մասին, հիմա առանց ուսումնասիրման այդ մասին չեմ կարող խոսել: Կուսումնասիրվի՝ արդյոք պարտագամավորության թեկնածուն այդ հավաքից տեղյակ է եղել, թե ոչ», - ասաց նա: