14/04/2017 11:44
Իշխանությունն իր պոլիցայներով ոչնչացրեց ազատ մարդուն. Արամ Մանուկյան
ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանը ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները համարում է աննախադեպ «մասսայական, պետական կազմակերպված հանցագործության բնույթով»:
«Սա իշխանության հաղթանակն էր սեփական ժողովրդի նկատմամբ: Սա մեր երկրի մեծագույն հարստության` ըմբոստ քաղաքացու ոչնչացում էր: Ցանկացած երկրի ամենամեծ հարստությունը մարդն է և նրա ազատությունը, իսկ իշխանությունն իր պոլիցայների միջոցով ամեն ինչ արեց ազատ մարդուն ոչնչացնելու համար: Աղքատությունը, թշվառությունը, արտագաղթը այս իշխանությունների զենքերն են» - խորհրդարանում լրագրողներին ասաց Ա.Մանուկյանը:
Նա ընդգծեց, որ իրենց ուսումնասիրած նյութերի համաձայն`ամեն տեղամասում միջինում ընտրողների 5 տոկոսը օգնության կարիք է ունեցել:
«5 տոկոսը կույր է եղել: Գյուղերում կույրերի քանակը ավելի շատ է, և ակնաբուժարաններ պիտի կառուցեն», - նշեց նա՝ հավելելով, որ միայն Արաբկիրում մոտ 100 հոգի չտեսնելու պատճառով օգնություն է խնդրել, որոնց օգնել է 28 հազար դիտորդ:
«Դրանք բոլորը թաղի խուժաններ են եղել: Փող բաժանողը, տեղամասերում վերահսկողություն իրականցնելու նպատակով, դիտորդ էր աշխատում», - նշեց Արամ Մանուկյանը:
Անդրադառնալով քառօրյաների ձախողմանը՝ Արամ Մանուկյանը նշեց, որ դա իշխանության որոշումն էր` բոյկոտել օրենսդիր մարմնի աշխատանքը: