18/04/2017 16:10
Ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսին կփոխարինի «Հանուն Երևանի»-ն, իսկ lovearmenia.am-ին` loveyerevan.am-ը
Երևանի ավագանու ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կմասնակցի «Հանուն Երևանի» կարգախոսով։
«« Հանուն Երևանի»-ն իր մեջ ներառում է «Հանուն կանաչ Երևանի», «Հանուն առողջ Երևանի», «Հանուն բարեկարգ Երևանի», «Հանուն անվտանգ Երևանի» և, ըստ ոլորտների, զարգացման այլ հեռանկարներ», -Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը։
Նա նշեց, որ իրենց քարոզարշավը լինելու է շատ հագեցած և բովանդակալից։
«Քարոզարշավը մենք դիտարկում ենք ևս մեկ հնարավորություն՝ շփվել մեր համաքաղաքացիների հետ, լսել նրանց առաջարկությունները և, ականջալուր լինելով երևանցիների հոգսերին՝ շարունակել զարգացնել մեր քաղաքը», - նշեց ՀՀԿ փոխնախագահը:
Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետի ընտրություններում կգործարկվի loveyerevan.am կայքը:
«Սա շարունակությունն է դեռևս խորհրդարանական ընտրություններին բարձրաձայնված մեր կոչի՝ սիրել Հայաստանը, այս դեպքում՝ սիրել Երևանը», - ընդգծեց նա։
Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է երկու կուսակցություն՝ ՀՀԿ-ն և նորաստեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, ինչպես նաև «Ելք» դաշինքը: