19/04/2017 16:31
Խորեն Լևոնյանը, Բաբկեն Չոբանյանը, Արմեն Մարգարյանը, Սամվել Թոփալյանը, Զարուհի Հովհաննիսյանը և այլք իրականացրել են «Խոստում» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը: Ֆիլմը հնարավոր կլինի դիտել հայ սիրված դերասանների ձայնով: Կրկնօրինակմանը մասնակցել են Խորեն Լևոնյանը, Բաբկեն Չոբանյանը, Արմեն Մարգարյանը, Սամվել Թոփալյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Սիրանուշ Լազյանը, Կարինե Ջանջուղազյանը և այլք: «Խոստումի» հայաստանյան պրեմիերան նախատեսված է ապրիլի 27-ին:
Ֆիլմի սյուժեն ներկայացնում է Առաջին Համաշխարհային պատերազմի օրերին Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանումն ու կոտորածը: Այն պատմում է մի հայ երիտասարդ բժշկի մասին, ով տեղափոխվում է Կոստանդնուպոլիս՝ սովորելու: Այստեղ նա ծանոթանում է գեղեցկուհի նկարչուհի Աննային ու սիրահարվում, սակայն նրանց երջանկությանը խոչընդոտում են Հայոց եղեռնի դաժան ու արյունալի իրադարձությունները: Միքայելը խոստանում է ապրել ու պատմել աշխարհին ճշմարտությունը:
Միքայել Բոգոսյանի դերը կրկնօրինակել է սիրված դերասան Սամվել Թոփալյանը, ում խոսքով, ֆիլմում կա սեր, կա կյանք, կա ճակատագիր… Ու այս ամենի հետ նաև մարդու դաժանություն, ազգի հանդեպ ատելություն: Զարուհի Հովհաննիսյանը կներկայացնի Աննայի կերպարը, որը դերասանուհու խոսքով, զուսպ է, բայց զգացմունքային:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել օրերս՝ Լոս Անջելեսում: Ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջն առաջադրվել էր Օսկարի՝ «Ռուանդա» ֆիլմի համար, գլխավոր դերերում են Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ լե Բոնը:
Ֆիլմի երաժշտության հեղինակը աշխարհահռչակ «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն է: