20/04/2017 15:09
Խորհրդարանը պետք է պատրաստ լինի պատասխանել, երբ մեզանից պահանջեն բացել ազգ-բանակի փակագծերը. Կարեն Բեքարյան
Պետք է հասկանանք, որ ազգ-բանակն այն խնդիրը չէ, որ լուծվում է սև-սպիտակ կամ զրոների ու մեկերի համակարգով` սա ընթացք է, այսօր «Ազգ-բանակ-2017» համաժողովին իր ելույթում ասաց պատգամավոր Կարեն Բեքարյանը:
«Բոլորն իրենց գիտակցության մեջ բանակին վերաբերում են որպես իրենց զավակի կամ վստահության թիրախի: Պետք է կարողանանք այն, ինչ կա գիտակցության մեջ, տեղափոխենք այս կոնցեպտի շրջանակներ», - ասաց Կ. Բեքարյանը:
Ինչ վերաբերում է Ազգ-բանակին նպաստող խորհրդարանական քաղաքականությանը, պատգամավորը նշեց, որ խորհրդարանը մեծ անելիք է ունենալու.
«Նախ ասեմ, որ այն փաթեթները, որոնք առնչվելու են այս նախագծին, ուզելու են լրիվ ուրիշ որակի քննարկում ու որոշումներ: Այսինքն՝ սկզբունքը, որ ես ընդդիմություն եմ, ես` իշխանություն, պիտի փոխվի: Բացի այդ, ինչ-որ պահի մեզ ասելու են` բացեք փակագծերը, ի՞նչ է ազգ-բանակը, մենք պետք է խորհրդարանական ոլորտում պատրաստ լինենք դրան ու տանք պատասխանը», - ասաց Կարեն Բեքարյանը:
Պատգամավորը կարևորեց նաև մեդիայի գործոնը:
«Մենք հասել ենք մեդիայի ազատության այն աստիճանի, որ այսօր կարող ենք հպարտանալ, բայց արդյոք դա բավարար է: Հանրության լայն շերտերին մուլտիպլիկացնողը, ինֆորմացիա տվողը, այլընտրանքային ընկալում տվողը, միևնույն է, լինելու է մեդիան, և պետք է կարևորել այս գործոնը», - ամփոփեց Կ. Բեքարյանը: