20/04/2017 11:18
Վարչապետը հանձնարարեց ներկայացնել միասնական ուղևորացանցի ստեղծման տեխնիկական առաջադրանք
Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց ճանապարահաշինության ու միասնական ցանցի վերաբերյալ հանձնարարականով։
Նա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում գնահատել միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների տեխնիկական վիճակը։
«Տալ համապատասխան ֆինանսական գնահատական, մշակել առաջնահերթությունների վերաբերյալ հինգ տարվա աշխատանքային ծրագիր ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկներ», - նշեց վարչապետը։
Նա հանձնարարեց գնահատել ճանապարհների շահագործման գործող պայմանագրի գործողությունը։
«Հինգից տասը տարի, եթե անհրաժեշտ լինի, նույնիսկ ավելի երկարացնել պայմանագիրը», - ասաց վարչապետը։
Նա ՀՀ մարզպետներին հանձնարարեց տրանսպորտի նախարարությանը տրամադրել համապարփակ տեղեկատվություն հանրապետությունում առկա բոլոր համայնքներից դեպի մարզկենտրոններ և հարակից խոշոր քաղաքաների ուղևորահոսքի վերաբերյալ՝ ըստ ժամային կտրվածքի։
Կարեն Կարապետյանը Վահան Մարտիրոսյանին հանձնարարեց մինչև 2017 թվականի հունիսի մեկը մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել միասնական ուղևորացանցի ստեղծման տեխնիկական առաջադրանք։
Վարչապետը տրանսպորտի նախարարին հանձնարարեց նաև հատուկ ուշադրություն դարձնել կատարվող աշխատանքներին, կարգապահությանը, ճանապարհային նշաններին։