21/04/2017 19:49
«Պատերազմի և խաղաղության կռիվը». Բացառիկ նկարահանումներ՝ Հալեպում. Լուսանկարներ
Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրագրող, հաղորդավար Տիգրան Դանիելյանն օրերս է վերադարձել Հալեպից, որտեղ շուրջ մեկ շաբաթ հնարավորություն է ունեցել ապրելու մեր այն հայրենակիցների կողքին, ովքեր ամենատարբեր հանգամանքների արդյունքում շարունակում են մնալ Սիրիայում՝ չնայած տարիներ շարունակ չավարտվող պատերազմին և անորոշ ներկային:
Տիգրան Դանիելյանի հեղինակային «Պատերազմի և խաղաղության կռիվը» խորագրով ֆիլմը եթերում կլինի ապրիլի 24-ին և կպատմի մեր հայրենակիցների ապրումների, զգացողությունների, ցավի, վախերի ու մտորումների, ինքնության մաքառման մասին:
Տիգրան Դանիելյանի խոսքով՝ իր միակ ցանկությունն է, որպեսզի վերոնշյալ ֆիլմով ևս մեկ անգամ հայ և միջազգային հանրությունների ուշադրությունն ուղղվի Հալեպում տեղի ունեցող իրադարձություններին ու մեր հայրենակիցների ծանր առօրյային:
«Ես հանդիպում էի մեր հայրենակիցներին, ովքեր պատմում էին այն ամենի մասին, ինչը վերջին տարիներին անբաժան է եղել իրենցից: Հանդիպեցի մի կնոջ, ում որդին թեև նահատակվել է, սակայն ինքը կարողացել է ուժ գտնել իր մեջ, ապրել և փորձել իրականացնել Հակոբի թողած պատգամը»,-պատմել է հաղորդավարը:
Տիգրան Դանիելյանն այցելել է նաև Հալեպում գտնվող և այժմ գործող միակ դիվանագիտական կառույց՝ Հայաստանի հյուպատոսություն, որը մինչ օրս չի դադարեցրել իր գործունեությունը: Նկարահանումներ են իրականացվել նաև ռմբակոծված հայկական Նոր Գյուղ թաղամասում, հայկական ավերված ծերանոցում, մանկատանը, Քառասուն մանուկ առաջնորդանիստ եկեղեցում, որը, ըստ որոշ թյուր տեղեկությունների, համարվում էր ամբողջովին ավերված:
Նկարահանումներ են իրականացվել նաև Լաթաքիայում ու Քեսաբում, որոնց հիման վրա ստեղծված ֆիլմերը Հանրայինի հեռուստադիտողը կդիտի առաջիկայում: