21/04/2017 21:39
«Ելք»-ը կթեթևացնի մեծերի հոգսերը և կբազմապատկի երիտասարդների ուրախությունը․ Անահիտ Բախշյան
Հյուսիսային պողոտայում «Ելք» դաշինքի-ի կողմից կազմակերպած «Նեմրա» ռոք խմբի բացօթյա համերգը շատ լուրջ ուղերձ է պարունակում իր մեջ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը։
«Ուղերձն այն է, որ «Ելք»-ը, բարձր ամբիցիաներ ունեցող երիտասարդներով, շատ լավ գիտի՝ ինչով է ուրախանում և հետաքրքրվում երիտասարդությունը։ Այս ուղերձն, իմ կարծիքով, հետևյալ միտքն է պարունակում, որ մենք գալիս ենք Երևանի իշխանությունը վերցնելու, մեծերի հոգսերը թեթևացնելու և երիտասարդների ուրախությունը բազմապատկելու համար», - նշեց Ա.Բախշյանը։
Հարցին, ինչպե՞ս է գնահատում դաշինքի շանսերը՝ հաշվի առնելով, որ, ի տարբերություն գործող քաղաքապետի, «Ելք»-ի անդամներն ավելի քիչ փորձ ունեն քաղաքը կառավարելու գործում, Ա.Բախշյանն ասաց, որ «հմտությունը պարտադիր չէ, որ քաղաքապետն այս րոպեին ունենա, այլ թիմը, որ իր հետ կգա և այդ գործադիր մարմնի պտուտակները կաշխատեցնի»։
«Այդ թիմը կարող է ունենալ Նիկոլ Փաշինյանը, և ունի, վստահեցնում եմ», - ասաց նա։