21/04/2017 19:16
Ե՞րբ կունենանք 24-ժամյա ջրամատակարարում. Էրեբունու բնակիչները՝ Տարոն Մարգարյանին
Այսօր Էրեբունի վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանից բնակիչները հետաքրքրվեցին, թե իրենք ե՞րբ կունենան 24-ժամյա ջրամատակարարում:
Ի պատասխան Երևանի քաղաքապետը բնակչին հիշեցրեց, թե ինչ վիճակ էր 5 տարի առաջ՝ համայնքների մեծ մասը ժամերով ջուր չունեին: «Հիմա իրավիճակն այլ է. Երևանի 8-ից ավելի վարչական շրջանում ապահովվում է 24-ժամյա ջրամատակարարում: Հիմա կարող ենք ասել, որ Երևան քաղաքում միջինը 17-19-ժամյա ջրամատակարարում կա», - ասաց նա:
Տարոն Մարգարյանը չհամաձայնեց բնակչի այն դիտարկմանը, թե Էրեբունի վարչական շրջանում ջրամատակարարումը «խայտառակ վիճակում է, և մարդիկ դա ստորացուցիչ են համարում»:
Նա ասաց, թե համոզված է, որ առաջիկայում Երևանում խմելու ջրի հետ կապված խնդիր չի լինելու:
«Ե՞րբ, ժամկետներ ասեք», - պնդեց բնակիչը և քաղաքապետից ստացավ պատասխան. «Ես «Վիոլա» ընկերության ներկայացուցիչը չեմ, որ ժամկետներ ասեմ ձեզ: Մեր կողմից լինելու է խիստ պահանջ այդ ընկերությանը, որ շուտ կարգավորեն այդ խնդիրը»:
Նշենք, որ խմելու ջրի մատակարարումն իրականացնում է «Վիոլա» ընկերությունը: