21/04/2017 11:38
ՀՀ քաղաքացու նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար որքան խնդրի լուծում է, այնքան` բարդացում. Վիգեն Սարգսյան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ քաղաքացու նշանակումը ինչքան խնդրի լուծում է, այնքան էլ միաժամանակ կարող է խնդրի բարդացում լինել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Ես կարծում եմ, որ ՀՀ քաղաքացի գլխավոր քարտուղար ունենալն ինչքան խնդրի լուծում է, այնքան էլ միաժամանակ կարող է խնդրի բարդացում լինել: Որովհետև Ռուսաստանի քաղաքացի Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը այլ քաշ ու ընկալում ուներ, քան Հայաստանի քաղաքացի գլխավոր քարտուղարի որևէ արվելիք հայտարարությունը: Հասկանալի է, որ շատերի համար ընկալումը լինելու է՝ դե Հայաստանի քաղաքացի՝ ի՞նչ պետք է ասեր», - ասաց Վիգեն Սարգսյանը:
Նա, սակայն, ընդգծեց, որ Յ. Խաչատուրովը որպես Հայաստանի քաղաքացի չէ այդ պաշտոնին, միջազգային պաշտոնյա է ու ունի իր սահմանափակումներն ու կանոնները:
«Ինչպես նաև դիրքորոշում հայտնելու կանոններ կան, ինքը մինչև դիրքորոշում հայտնելը համաձայնեցնում է այն անդամ երկրների հետ», - ասաց Վիգեն Սարգսյանը: