21/04/2017 11:14
200 հաղորդում, 48 այց, 300 առանձազրույց. ՄԻՊ-ը ներկայացրեց ՊՊԾ գնդի գրավման հետ կապված արտահերթ զեկույցը
2016 թվականի հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման թեժ գծին ստացվել է 200-ից ավելի հաղորդում ազատությունից զրկելու 335 դեպքերի վերաբերյալ, ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա նշեց, որ այդ օրերին ոստիկանության ստորաբաժանումներ են բերման ենթարկվել 500-ից ավելի անձ։
«ՄԻՊ-ի կողմից իրականացվել է 48 այց ոստիկանության ստորաբաժանումներ, տեղի են ունեցել առանձազրույցներ շուրջ 300 անձի հետ», - ասաց Ա. Թաթոյանը։
ՀՀ ՄԻՊ-ը նշեց, որ իրենց հասցեագրվել է 179 բողոք՝ կապված փաստաբանի մուտքը ոստիկանության բաժին խոչընդոտելու հետ։
«Հուլիսից 17-ից 31-ի ընթացքում ՄԻՊ աշխատակազմը ստացել է բազմաթիվ հաղորդումներ լրագրողների օրինական գործունեության խոչընդոտման դեպքերի մասին։ Կոպտորեն խախտվել են Azatutyun.am, A1plus.am, Panorama.am, Lragir.am, Armlur.am, Panarmenian.am, PAN-Photo, 1in.am, NewsPress.am, «Հայկական ժամանակ» լրատվական ծառայությունների, ինչպես նաև «Արմենիա» ՀԸ և «LifeNews» ռուսական լրատվամիջոցի լրագրողների ու օպերատորների իրավունքները», - նշեց Ա.Թաթոյանը: