21/04/2017 17:32
Սահմանադրական դատարանը մերժել է ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով ներկայացված դիմումը
Սահմանադրական դատարանը մերժել է խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիմումը և վերադարձրել այն, այդ մասին «Ազատության» եթերում հայտարարել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը:
Սահմանադրական դատարանից նախաձեռնությունը պահանջում էր անվավեր ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
«Սահմանադրական դատարանը մերժել է, վերադարձրել է՝ համարելով, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակում ներկայացված սուբյեկտները չեն հանդիսանում ՍԴ դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտներ», - ասաց Եգորյանը:
Նա տեղեկացրեց, որ ՍԴ որոշումը բողոքարկել են Սահմանադրական դատարանի նախագահին՝ խնդրելով, որ այդ հարցը քննության հանձնել դատական կազմին:
«Մենք կարծում ենք, որ այս հարցը պետք էլուծում ստանա: Եվ հաշվի առնելով, որ քաղաքացիները չեն կրում կուսակցական շահեր, ևս պետք է ինչ-որ ձևով ունենան ընտրությունների արդյունքները բողոքարկելու ձևեր», - հավելեց Եգորյանը:
Նշենք, որ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կողմից ներկայացված դիմումը, որի քննությունը կմեկնարկի ապրիլի 25-ին, բանավոր ընթացակարգով: