21/04/2017 13:05
«Ես եմ» ծրագիրը նպատակ չունի ավելացնելու զինծառայողների թիվը. Վիգեն Սարգսյան
Իմ ծրագրերը որևէ ձևով չեն ավելացնում բանակում ծառայողների թիվը, ես ընդամենը նույն` զորակոչային տարիք ունեցող երիտասարդներին, առաջարկում եմ այլընտրանքներ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն՝ անդրադառնալով նախօրեին ներկայացված «Ես եմ» ծրագրին:
«Այս ծրագրով ընդհանուր զինծառայողների թվի ավելացում չի նախատեսվում: Ի դեպ, եղած ծառայության մոդելը որևէ մեկը չի պատրաստվում հանել, ավելին, մենք չենք պատրաստվում պարտադիր ժամկետային ծառայության ժամկետ երկարացնել, մենք ընդամենը տալիս ենք մարդուն ընտրության հնարավորություն և ես կարծում եմ, որ դա մեր պարտավորությունն է», - ասաց Վ. Սարգսյանը:
Նա ընդգծեց՝ ներկայացված ծրագրերն ու «Ազգ-բանակ» կոնցեպտը չեն ենթադրում, որ Հայաստանը հրաժարվել է խաղաղությունից և գնում է ռազմականացման.
«Խաղաղությունից մենք ոչ միայն չենք հրաժարվել, այլև խաղաղության մեծագույն ջատագովներից ենք ու վստահ ենք, որ այս տարածաշրջանն այլ ապագա չունի, բայց Պաշտպանության նախարարությունը պետք է միշտ պատասխանատու լինի երկրի պաշտպանունակության մակարդակը բարձրացնելու համար», - ամփոփեց պաշտպանության նախարարը: