21/04/2017 20:05
Ղրղզստանում գրոհային է ձերբակալվել, որն ԱՊՀ-ում ահաբեկչություն իրականացնելու հանձնարարություն էր ստացել
Ղրղզստանի հատուկ ծառայությունները հայտնել են Օշի մարզից ահաբեկչական խմբավորման անդամի ձերբակալության մասին, որը հանձնարարություն էր ստացել ահաբեկչություն իրականացնել ԱՊՀ տարածքում: Այդ մասին հայտնում է երկրի ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը, փոխանցում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնել է մամուլի ծառայությունը, երկրի տարածք միջազգային ահաբեկչական խմբավորումների գրոհայինների ներխուժման ճանապարհները կանխելու ուղղությամբ ձեռնարկվող հակաահաբեկչական միջոցառումների շրջանակում ձերբակալվել է 1994 թվականին ծնված գրոհային:
Քննության տվյալներով՝ ձերբակալվածն անդամագրվել էր 2013 թվականին և ուղարկվել Սիրիա: «Պարզվել է նաև, որ ձերբակալվածն անձամբ մասնակցություն է ունեցել գրոհայինների կողմից գերիների զանգվածային մահապատիժներին», - հայտնել են կոմիտեում:
Հատուկ ծառայությունների տվյալներով՝ գրոհայինը լրացուցիչ պատրաստություն էր անցել և «հանձնարարություն ստացել ահաբեկչություն իրականացնել ԱՊՀ տարածքում Հաղթանակի օրվա տոնակատարության ժամանակ»: