21/04/2017 11:28
ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների ժամանակ ոստիկանության գործողություններն անընդունելի էին. Թաթոյան
2016 թվականի ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների ժամանակ ոստիկանության գործողություններն անընդունելի էին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Ակնհայտ էր, որ երբ տեղի ունեցավ այդ իրադարձությունը, քաղաքացիական մի շարք նախաձեռնություններ սկսեցին հավաքներ, որտեղ էլ տեղի ունեցավ ոստիկանության բռնի գործողությունները, ոստիկանները քաղաքացիներին բերման էին ենթարկում առանց որևէ պատճառ բերելու, առանց որևէ բացատրության»,- նշեց Ա. Թաթոյանը։
Նրա խոսքով՝ ոստիկանության այդ օրերի գործողություններն անընդունելի եղանակ են։
«Ոչինչ չէր ենթադրում այն մասին, որ այդ հավաքները խաղաղ չէին լինելու, ոստիկանությունը իրականացրեց ապօրինի միջամտություն, ինչը նպաստեց լարվածության աճին», - ասաց նա։
ՀՀ ՄԻՊ-ն ընդգծեց, որ ոստիկանությունը չուներ հավաքները սահմանափակելու իրավունք։
«Մինչև հիմա որևէ մեկը չի կարողացել մեզ բացատրել, թե ինչ էր հետապնդում նրանց գործողությունները։ Ոստիկանության ծառայողները ակնհայտորեն չեն տիրապետում իրենց պարտականություններին ու ոստիկանության ծառայողները պետք է պատասխանատվության ենթարկվեն», - ասաց Ա. Թաթոյանը։