22/04/2017 10:26
Հայաստանում աղբը հավաքելու ժամանակն է. «Առավոտ»
«Առավոտ»-ը հրապարակել է լուսանկար, որում ոչ մաքուր Երևանի մի փոքր, բայց շատ կարևոր հատվածն է՝ Հրազդանի կիրճը:
«Այստեղ դեռ հանգստի ակտիվ սեզոնը չսկսված՝ գետի ափերով մեկ աղբակույտեր են: Վարչապետն օրերս հանձնարարական է տվել «Մաքուր Հայաստան» ծրագիր մշակել. Անգամ ոստիկաններին է լծել այդ գործին՝ ոստիկանական ծառայության ուժերով կանխարգելել չսահմանված վայրերում աղբ թափելը:
Հիմա ոնց պատկերացնում ենք, ոստիկանական ողջ համակարգը, բանուգործը թողած, աղբ թափողների հետևից պետք է ընկնի, իսկ չսահմանված վայրերում աղբ թափողներ ու երկիրը աղտոտողներ որքան ուզես, կգտնեք: Հայաստանը մաքուր պահելու համար չսահմանված վայրերում աղբ թափողների հետևից ընկնելը բավարար չէ, ինչպես ընդդիմադիրներն են բոլոր առիթներով ասում ՝ «քաղաքական կամք է պետք և համակարգային փոփոխություն»: Հայաստանում աղբը հավաքելու ժամանակն է», - գրել է թերթը: