22/04/2017 15:02
Երևանի ավագանու ընտրություններ. «Երկիր Ծիրանին» խոստանում է ուշադիր լինել անօթևան կենդանիներին
Երևանի ավագանու ընտրություններին «Երկիր Ծիրանի» կուսակցությունը մասնակցում է «Արևի քաղաքին մարդկային ջերմություն» կարգախոսով։
Կուսակցության ծրագրում առաջնային տեղ է գտել ճարտարապետության ու քաղաքաշինության հարցը։
Ըստ «Երկիր Ծիրանիի»՝ ժամանակակից շրջանում Երևանի ճարտարապետական զարգացման գլխավոր խնդիրները քաղաքաշինության հիմնական հայեցակարգի, նախագծերի մանրակրկիտ պլանավորման, կառուցապատման ճարտարապետանախագծային և ծավալատարածքային լուծումների մշակումն է։
«Երկիր Ծիրանին» փողոցային և բակային տարածքների բարեկարգման հարցը պահելու է ուշադրության կենտրոնում, եթե անցնի քաղաքային իշխանության։
Նորաստեղծ կուսակցության ծրագրում տեղ է գտել նաև մայրաքաղաքի արտաքին լուսավորությանը հարցը։ Ըստ «Երկիր Ծիրանիի»՝ Երևանում շահագործվող արտաքին լուսավորության ցանցը խիստ կարիք ունի բարելավման:
Բազմաբնակարան շենքերի կառավարման հարցն էլ է լինելու Զարուհի Փոստանջյանի ղեկավարած կուսակցության ծրագրում։
Հանրային տրանսպորտի թեման անմասն չի մնացել կուսակցության ծրագրից։ Կուսակցությունը գտնում է, որ պետք է վերադառնալ վերգետնյա հանրային տրանսպորտի և, առաջին հերթին, մագիստրալ երթուղիների կենտրոնացված կառավարման համակարգին:
Մետրոպոլիտենի շինարարության, տրամվայի, հեծանիվների թեման «Երկիր Ծիրանիի» ուշադրության կենտրոնում է լինելու։
«Երկիր Ծիրանիի» ծրագրում անդրադարձ է կատարվում այլընտրանքային էներգիայի ներդնմանն ու զարգացմանը։ Ըստ կուսակցության՝ այս երկուսը Երևանի զարգացման համար կարևոր նշանակություն ունի ու այդ ուղղությամբ ներդրումային քաղաքականություն վարելն առաջնահերթություն է:
Անօթևան ու ընտանի կենդանիները լինելու են նորաստեղծ կուսակցության ուշադրությամ կենտրոնում։ Այս խնդրի լուծման համար, ըստ կուսակցության ներկայացրած ծրագրի, անհրաժեշտ է ստեղծել քաղաքակիրթ օթևաններ` մասնագետ աշխատակիցներով, և անտուն շներին ու կատուներին աստիճանաբար տեղավորել հատուկ նախատեսված կացարանում և գտնել նրանց համար բարեխիղճ տերեր:
Կուսակցության ծրագրում տեղ է գտել նաև առևտրի ու սպասարկումների ոլորտը, որը, ըստ «Երկիր Ծիրանիի», կարիք ունի օրենսդրական փոփոխության:
Զբոսաշրջություն, մշակույթ, առողջապահություն, կրթություն . այս ոլորտները նույնպես կուսակցությանն ծրագրային դրույթների մեջ են:
«Երկիր Ծիրանին» իր ծրագրում ընդգծել է, որ Երևանի ավագանու աշխատանքում անհրաժեշտ ու կարևոր պայմաններից է քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների, մասնագիտական միությունների ներկայացուցիչների հետ` ըստ ոլորտների հանրային քննարկման եւ խորհրդակցության աշխատանքների իրականացումը:
Կոռուպցիա, հարկային քաղաքականություն, բյուջե. ծրագրի այս բաժնում կուսակցությունը նշել է, որ անհրաժեշտ է ներդնել հանրային և համայնքային կառավարման արդյունավետ, թափանցիկ և հաշվետու համակարգեր, այդ թվում` ինքնաբավ համայնքային բյուջեների մեխանիզմ:
Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին «Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակը գլխավորելու է Զարուհի Փոստանջյանը։
Նախընտրական քարոզչությունը մեկնարկել է ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է երկու կուսակցություն՝ ՀՀԿ-ն և նորաստեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, ինչպես նաև «Ելք» դաշինքը: