22/04/2017 14:32
Արցախն ազգ-բանակի լավագույն օրինակն է. Ստեփանակերտի Իվանյանի անվան վարժարանի սաները մասնակցում են «Ազգ-բանակ» համաժողովին
Այս օրերին Երևանում անցկացվող «Ազգ-բանակ 2017» համաժողովին Արցախի ռազմաուսումնական հաստատությունները ներկայացնում են Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները:
Տաղավարի այցելուների ուշադրությունը միանգամից գրավում է զինվորական համազգեստով աղջիկը` 15-ամյա Լենա Ամիրխանյանն, ով ռազմամարզական վարժարանի առաջին կուրսի կուրսանտ է:
«Ես ուժեղ աղջիկներ ունեմ, ուզում եմ քեզ նման համազգեստ հագնեն, կոփվեն, սովորեն` կարո՞ղ են ընդունվել ձեր վարժարան», - իմ ներկայությամբ Լենային է դիմում մի տղամարդ:
«Իհարկե, կարող են, կարևորն իմանան, որ սկզբում եղած դժվարություններն անցնելու են ու այստեղ նրանք կստանան ինչպես բազային գիտելիքներ, այնպես էլ` նախնական զինվորական», - վստահությամբ պատասխանում է Լենան:
Աղջիկների ընդունելություն Ստեփանակերտի Իվանյանի անվան վարժարանում կատարվում է արդեն երկրորդ տարին: Առաջին տարում, ինչպես Լենան է ասում, ընդունվեցին երկու համարձակ աղջիկներ, իսկ այս տարի արդեն ինը, այդ թվում` ինքը:
«Միշտ հետաքրքրել է զինվորական գործը, բայց տատանվում էի: Հետո ապրիլյան իրադարձությունները շատ բան փոխեցին ինձ մոտ ու հասկացա, որ որոշումս ճիշտ է: Սկզբում շատ բարդ էր հարմարվելը, սովորելը, բայց հետո ամեն բան անցնում է: Տղաները հիմա մեզ համար եղբոր պես են: Բացի այդ, եթե ինչ որ վարժանք բարդ է` աղջիկներին մի քիչ զիջողաբար են մոտենում», - ժպտալով անկեղծանում է Լենան:
Ինձ համար ևս նա կրկնում է այն, ինչ քիչ առաջ վարժարանով հետաքրքրվող տղամարդուն էր ասում` վարժարանը ռազմական հաստատություն չէ միայն:
«Այստեղ սովորում ենք ընդհանուր հանրակրթական ծրագրով` բոլոր առարկաները: Պարզապես դրանից բացի, ունենք ֆիզիկական ծանրաբեռնվածություն ու ստանում ենք նախնական զինվորական գիտելիքներ: Տղաները վարժարանում են մնում շուրջօրյա և միայն հանգստյան օրերին տուն գնում, իսկ աղջիկների համար դեռ կացարանային խնդիրներ կան, դրա համար գնում ենք տուն ու վերադառնում», - բացատրում է վարժարանի կուրսանտը:
Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան վարժարանը կարելի է համեմատել ՀՀ-ում գործող Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի հետ: Երկուսի դեպքում էլ կուրսանտները ստանում են բազային կրթություն և հետագայում ինքնուրույն որոշում` շարունակե՞լ զինվորականի ճանապարհը, թե` ոչ: Հանրակրթական դպրոցների հետ տարբերությունն այն է, որ զինվորական բարձրագույն կրթության համար այս երկու վարժարանների սաներն ավելի պատրաստված են և ընդունվելիս ունենում են որոշակի արտոնություններ:
Լենան նշում է` նման վարժարանի առկայությունը հատկապես Արցախում է կարևոր, քանի որ այստեղ շատ են պատանիներն, ովքեր հետագայում տեսնում են իրենց զինվորական գործում.
«Ընդունվելուց առաջ հստակ նպատակ ունեի` վարժարանն ավարտելու եմ ու ռազմական բժիշկ դառնամ: Հիմա մի քիչ տատանվում եմ, ապրիլից հետո ավելի շատ եմ մտածում զինվորականի հետագա մասնագիտության` հենց բուն սպայական աշխատանքի մասին», - ասում է Լենան:
Նույն վարժարանի երկրորդ կուրսի կուրսանտ, ծնունդով Ստեփանակերտից 17-ամյա Սեմյոն Մովսեսյանն արդեն որոշել է` վարժարանն ավարտելուց հետո ընդունվելու է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որպեսզի ստանա բարձրագույն զինվորական կրթություն.
«Ինձ մոտ այս որոշումը բնականոն էր` հայրս է զինվորական, զինվորականների ընտանիք է, այնպես որ ես էլ կշարունակեմ ճանապարհը: Բացի այդ, երբ ասում են` ազգ-բանակ, կարծում եմ, Արցախը հենց ազգ-բանակի լավագույն օրինակն է, որովհետև այնտեղ բոլորն էլ կապ ունեն զինվորականության, բանակի հետ, նույնիսկ եթե բուն ծառայող չեն կամ ծառայող հարազատներ չունեն: Ապրիլին բոլորն էին ուզում աջակցել առաջնագծի զինծառայողներին, ես էլ, մենք էլ: Վարժարանից ունեցանք մասնակիցներ, ովքեր, ցավոք, զոհվել են: Ապրիլից հետո էլ ավելի շատ, երբ տեսնում ես, թե ինչ են անում սահմանին կանգնողները, ուզում ես իրենց կողքին լինել ու դա օգնում է, որ ամեն դժվարություն էլ հաղթահարես ու հասնես դրան», - ասում է Սեմյոն Մովսեսյանը:
Վարժարանի կուրսանտները խորհուրդ են տալիս պատանիներին, ում հետաքրքրում է զինվորական կյանքն ու գիտելիքները` համարձակ լինել ու դիմել իրենց: Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանն ավարտելուց հետո ևս 3 տարի Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում սովորելուց հետո նրանք ոչ միայն կստանան անհրաժեշտ կրթությունն, այլև կկոփվեն ու, եթե հետագայում ցանկանան, առավել հեշտությամբ կընդունվեն բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններ: