22/04/2017 12:20
Համակարգիչը մեր գրիչն է. Գարգառ գյուղի աշակերտներն ստացան 20 Արմթաբ
«Թվանշային Հայաստան» ծրագրի շրջանակում, որը միտված է զարգացնելու և տարածելու Հայաստանի համայնքներում տեխնոլոգիական կրթությունը, Լոռու մարզի Գարգառ գյուղի միակ դպրոցի աշակերտներին անձնական օգտագործման է հանձնվել 20 «Արմթաբ»: Ծրագիրը նախաձեռնել և իրականացնում է «Լույս» հիմնադրամը՝ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հետ համատեղ:
«Եթե շատ կարևոր է գրել, կարդալ, հարկավոր է նաև սովորել ծրագրավորում, որովհետև կարող ենք ասել, որ այսօր համակարգիչը մեր գրիչն է, և մեր օրերում մենք պետք է լինենք ոչ միայն սպառող, այլև՝ կարողանանք ընդգրկել երեխաներին ծրագրավորում սովորեցնելու գործընթացում, որպեսզի իրենք էլ ստեղծագործեն», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը:
Նա ընդգծեց, որ այդ արմթաբերն աշակերտներին տրամադրվել են ոչ միայն օգտագործման համար, այլև՝ դրանց միջոցով գյուղի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով: Բացի այդ, մինչ Արմթաբեր ստանալը, երեխաները ստորագրել են 7 կետից բաղկացած համաձայնագիր, որոնց չկատարման դեպքում արմթաբերը հետ են վերցվելու:
Ըստ այդմ, երեխաները պետք է իրենց ստացած գիտելիքներով կիսվեն գյուղի այլ բնակիչների հետ, ծառայեն համայնքին՝ օգնելով մեծահասակներին, պատմեն աշխարհին Գարգառ գյուղի մասին, կարողանան իրենց գյուղում նոր հետաքրքիր գաղափարներ առաջարկել, սոցցանցերում հարգեն ու չվիրավորեն միմյանց, կանոնավոր հանդիպումներ ունենան, որտեղ կքննարկեն իրենց գաղափարները, և, վերջում, ամեն շաբաթ «Լույս» հիմնադրամին ուղարկեն հաշվետություն՝ արված աշխատանքի մասին:
Նշենք, որ «Թվանշային Հայաստան» ծրագրում ընդգրկված է նաև «Քվանտ» վարժարանը, որը Գարգառ գյուղի դպրոցի աշակերտների համար պարբերաբար իրականացնում է ինֆորմատիկայի դասեր:
Aysor. am-ի թղթակիցը «Քվանտ» վարժարանի Ինֆորմատկայի ուսուցչուհի Մերի Ղազարյանից հետաքրքրվեց, թե կոնկրետ ի՞նչ հմտություններ են սովորեցնում աշակերտներին, հեշտ են ընկալում ծրագրավորումը, նա պատասխանեց.
«Ներկայում երեխաներին ծանոթացնում ենք «Լոգո-միկրոաշխարհների» միջավայրին, որն ամբողջությամբ հայերեն է, այսինքն՝ երեխաները հրամանը գրում են հայերենով: Դա ծրագրավորման միջավայր է, որով կարելի է ծրագրեր գրել, պատկերներ ստանալ: Հետագայում ուրիշ ծրագրավորման լեզվին ծանոթանալու համար սա որպես հիմք կարող է հանդիսանալ ալգորիթմական մտածելակերպ ձևավորելու համար: Իսկ աշակերտները շատ լավ են տրամադրված, այսինքն՝ եկել են սովորելու նպատակով, պատրաստակամ են, իրենց մոտ ստացվում է»:
10-րդ դասարանցի Ռոզիտան, ում մոտ ստացվել էր այդ ծրագրով ստանալ մկան պատկեր, պատմեց, որ պատկեր ստանալու համար պետք կոորդինատների միջոցով ճիշտ հրամաններ ուղարկվի, ինչն իր համար դժվարություն չի ներկայացրել:
Հարցին՝ գիտակցվա՞ծ է ստորագրել արմթաբ ստանալու համար 7 կետից բաղակացած համաձայնագիրը, նշեց, որ տեղյակ է ու փորձում է հետևել այդ 7 կետերին: Նաև պատմեց, որ հասցրել է օգնել իրենց հարևան ծեր կնոջը՝ նրա համար նորություններ կարդալով, բացի այդ, օգնում է իր փոքր քրոջը՝ փոխանցելով համակարգչային ծրագրերի մասին իր ստացած գիտելիքները:
«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը պատմեց, որ երեխաների համար դպրոցի պատուհանագոգին հատուկ դրել են հայազգի գյուտարարների մասին պատմող գիրքը, որը միտված է ուժեղացնելու երեխաների՝ էլ ավելիին ձգտելու ներուժը: